Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/157

Այս էջը սրբագրված է

1872-Ի ՀԻՎԱՆԴՈԻԹՅՈԻՆԸ

1872-ը այս օրերս բոլորովին ուժե ինկավ։

Ծերությունը այնչափ ծանրացավ իր վրա, որ տեղեն չկրնար շարժիլ։ Կը հազա, կը տքա, կը պոռա, հիվանդությանը պատճառավ ալ նեղսիրտ, բարկացող, աքսի մեկն է եղեր մանավանդ մեր ազգին համար։

Մահվան վիճակին մեջ դեռ կը հանդգնի մեր մեռեալներուն հանգիստը վրդովել․․․:

Ամեն տուներու մեջ աղոթք կընեն, որ ժամ առաջ մեռնի և ձեռքեն ազատին։

Օրացույցները կը պնդեն, որ գալ կիրակի պիտի մեռնի, և հուղարկավորության հանդեսն ալ նույն օրը կատարվելով իրեն պիտի հաջորդե յուր գահաժառանգ որդին՝ 1873-ը։

Սպասենք ուրեմն յուր մահվան, որ վերջն ալ կենսագրությունն ընենք։

Հիմակու հիմա այսչափ միայն կըսենք, որ մեռած օրը մարդիկ այնչափ կուրախանան՝ մինչև իրարու ստակ ալ կուտան։

Տերերը՝ սպասավորներուն, լրագրի բաժանորդները՝ ցրվիչներուն, աշակերտները՝ վարժապետներուն կաղանդչեք տալով իրենց բերկրությունը կը հայտնեն, թեպետ և տվողներեն ոմանք ի՞նչ գեշ սովորություն է կըսեն, առնողներն ալ ի՞նչ բարի սովորություն է կըսեն։

Մեղու. որ ոչ առնողներեն է ո՛չ ալ տվողներեն, ասոր վրա կարծիք մը չհայտներ. միայն սա կըսե, թե 1872-ը թաղականներուն սնտուկը ծակած՝ ժողովրդյան գրպաններուն մեջ խոշոր ծակ մը բացած ըլլալուն, կաղանչդեք տալու պատրաստվողները երկու շաբաթե իվեր գրպաննին խառնելու զբաղած են։

Գործ չունին նե խառնեն. թե որ խառնելով գրպանին մեջ ըստակ կը գոյանա նե՝ Պատրիարքարանն ալ կը խառներ և ազգին պարտքերը կը վճարեր։