Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/178

Այս էջը սրբագրված է

1873

ՆՈՐ ՏԱՐԻ

Այսօրվան օրս չկա հայ մը, որ մեզի հետ համոզված չըլլա, թե երկուշաբթի օրը նոր տարի էր, և թե՝ նույն օրը ուրախության օր մէր ամբողջ ազգին համար։

Վայրկյան մը խորհելու ըլլանք նե՝ պիտի տեսնենք, որ ուրախանալու իրավունք ունինք։

Որովհետև, երբ անցյալին վրա նայվածք մը նետենք, պիտի տեսնենք անանկ օրեր, որ շատ երկնցեր են, և օրերուն երկննալը տեսնելով մենք ալ երկնցեր պառկեր ենք, քնացեր ենք, երազեր ենք․ և հիմա արթննալով կը զարմանանք, թե ինչպես կրցեր ենք ատանկ քնանալով՝ դեռ ողջ մնալ, և այս զարմանքը մեզ բերկրություն կը պատճառե։

Տարիները միշտ կը հոլովին տասներկու հոլովի վրա, բայց ամենքը մեկ կերպով չեն հոլովիր, ոմանք կանոնավոր են, ոմանք անկանոն։

Մինչև հիմա հայերը անկանոն հոլովները կը հոլովեին․ աղոթելով Աստուծո, որ 1873ը կանոնավոր հոլով մը ըլլա մեր ազգին համար․ սկսինք մեր բարեմաղթությանց։

Սրբազան պատրիարքին առողջություն կը բարեմաղթեմ։

Քաղաքական ժողովին՝ Պրուսայի անծակ հավլու մը։

Փոխանորդ հոր՝ ամուսիններեն բաժնվողներ։

Փաստաբաններուն ալ երկու անգամ երկու ինչ կընե չգիացող վաճառականներ։

Թրամվեյի ընկերության մառախլապատ օրեր։

Գերեզմանական խնդրույն՝ բարի ճամբորդություն։

Սնանկանալ փափագողներու'՝դյուրին միջոցներ։

Շատ խոսելու փափագ ունեցող երեսփոխանց խուլ ունկնդիրներ։