Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/183

Այս էջը սրբագրված է

ՀԵՏՍ ԿՈՉՈՒՄ

Ասկե քանի մը շաբաթ առաջ, մարդուն մեկը կնիկեն բաժնվելու համար կնիկը և երկու տղայքը հետն առած Դատաստանական խորհուրդը կերթա։

— Տե՛ր հայր, ես աս կնիկը չեմ ուզեր։

— Ես ալ աս էրիկը չեմ ուզեր. սա լոճուխներուն ամսական մը կապե տե՝ ճեհեննեմ ըլլա երթա։

— Ի՞նչ է կնկանդ հանցանքը։

— Իրեն հարցուր, ինքը ինձմե աղեկ գիտե։

— Աս չոճուխներուն մեղք չէ՞։

— Իրեն հարցուր, ինքը ինձմե աղեկ գիտե։

— Աս չոճուխները քուկդ չե՞ն։

— Իրեն հարցուր, ինքը ինձմե աղեկ գիտե։

— Ասոնց ամսական մը կապելու ես։

— Ես չեմ կրնար կապել։

— Ո՞վ պիտի նայի աս տղաքները։

— Ով ուզե նե թող նայի։

— Չպիտի նայեիր նե ինչո՞ւ կարգվեցար։

— Կարդվեցա, հիմա մեռնելու չէ յա։

— Կարգվեցար նե՝ անոնք պիտի նայիս։

— Կարգվիլս հետս կը կոչեմ, ասոր ըսելիք մը ունի՞ս։

— Ադ ի՞նչ ըսել է։

— Ինչ պիտի ըլլա, երեսփոխան մը, կամ ուրիշ մը սխալելու ըլլար նե՝ հետս կոչում մը ըրե տեյի ոտվընիս կիյնայիք, ես ալ սխալեցա, իշտե հետս կոչում կընեմ կոր։

— Հապա աս տղաքնե՞րը։

— Անոնք ալ հետս կը կոչեմ, տահա ըսելիք մնա՞ց։

Տեր հայրը զանոնք կը խրատե, որ երթան հաշտվին։

Մարդը հետս կոչելու վրա է դեռ։ Տեսնենք սա տղաքները հետս պիտի երթան մի։