Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/19

Այս էջը սրբագրված է

ԲԱՐՈՅԱԿԱՆ

Թո՜ղ փիլիսոփան չորս պատի մեջ փակված ձեռն ի ծնոտ խորհի, թե ուսկից եկավ և ուր պիտի երթա, ինչ Էր և ինչ պիտի ըլլա: Թո՜ղ քաղաքագետը՝ գերի յուր փառասիրության, դիմացինը խաբելու համար միջոցներ հնարելու զոհե իր զվարճության ժամերը, դուր երիտասարդներ, վեր առե՜ք գլուխնիդ, օ՜ն անդր, ինչու՞ երազահույզ և մտախոհ կը տանջվիք. ձեր տարիքը խորհելու տարիք չէ. խոսելու տարիք է. ձեր տարիքը լալու տարիք չէ, խնդալու տարիք Է. ձեր տարիքը թառամելու տարիք չէ, փթթելու տարիք Է, օ՜ն անդր, բացվեցե՛ք ո՜ հայկաբույր վարդեր, բացվեցե՜ք, խոսեցե՜ք, խնդացե՜ք, պարեցե՜ք, երգեցե՜ք, տնկեցե՛ք, խմեցե՛ք, ուրախացե՛ք, և թող խորշոմերես ժամ տնակը բերկրության քովեն տրտմությամբ անցնի։

Ընկերություններ կազմեցեք, այգիներու մշակությունը մեր ազգին մեջ կատարելագործելու աշխատեցե՜ք ո՜ Նոյ նահապետի հարազատ որդիք. գինի խմեցե՛ք, մի վախնաք, զձեզ բամբասողներն թող ամչնան։ Թե որ ըմպելիք գործածելը անպատիվ բան մը ըլլար, աստվածները չէին խմեր զայն, Բագոսը այնքան պատիվ չէր գտնար, Սիղենոսը, թեպետ և դաստիարակ, հանդարտ և դանդաղաքայլ ավանակի մը վրա աշտանակյալ գինետունե գինետուն չէր պարտեր, խմեցե՜ք ուրեմն, խմելով խմեցե՛ք, և թող յուր զավակները կուլ տվող անողոք ժամանակը իր զավակներուն քովեն ահիվ և երկյուղիվ անցնի։

Չըլլա որ ժամանակին վստահիք, ատիկա խաբեբային մեկն է:

Ամեն բան կը խոստանա, բան մը չտար, թե որ տալու ալ ըլլա, տղու պես շուտով տվածը ետ կ՝ուզե. այսօրվան տվածը վաղը կ՝առնե, վաղը չըլլա նե մյուս օր կ՝առնե։

Սիրելու մասին գալով, փախե՛ք իրմե, վասնզի միշտ ձեզի սիրելու ժամանակը չէ պիտի ըսե. և նախանձոտ թշվառականը ձեր սիրո տարիքը չոր ու ցամաք անցունելով վերջեն վրանիդ պիտի խըն-