Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/197

Այս էջը սրբագրված է

Գիտնալով, որ պայմանաժամեն օր մը առաջ խոսելու հրաման չկա, ասկե հետևցուցինք, թե պայմանաժամեն օր մը ետքը խոսելու ալ հրաման չպիտի ըլլա. հետևաբար, ստիպվեցանք մեր թերթը այսօր հրատարակելու, վախնալով, որ մի գուցե օր մը առաջ կամ օր մը ետքը խոսած ըլլալնուս համար նոր դադարման մը դատապարտվինք ի բերկրություն Մեղուի բարեկամաց, որովհետև բնավ մեր մտքեն չէր անցներ, որ տոնեք էրիս Ֆելիքս մյուլթոս նյումերապիս ամիքոս, թեմբորա սի ֆյուերինթ նյուպիլա սոլյուս էրիս։

Այսպես ըրին Մեղուի բարեկամները սրճարաններու մեջ։ Մեկը աքսորելու է ան թշվառական Մեղուն ըսավ, ուրիշ մը ավելի ողորմած գտնվելով, լեզուն կտրելու է ըսավ. խաթունին մեկն ալ, գետնին տակը անցնի յումուրճախը ըսավ։ — Ո՛չ, ձեռքերը կտրելու է։ — Ոչ, ոտքերը կոտրելու է։ — Պեխերը ածիլելու է։ — Ածիլենք ամա ստակը ո՞վ պիտի տա։ — Ուղեղն այրելու է պոռաց Մասիս: — Անդիեն օրիորդ[1] Փունջն ալ ֆիստանին փեշերը ժողվելով, կոտրտվելով, սպաննեցեք սա անպիտանը, միշտ ինձի կը քսվտի, հիչ հանգիստ չթողուր քի երկու տող բան գրեմ տե, ազգին ծառայություն մալ ես ընեմ ըսելով՝ գնդասեղը հանեց և մեր սիրտն ի խոր խոցեց։

Այս միջոցին երկու հոգի ալ ջերմ վիճաբանության մը բռնվեր էին։ Մեկը կըսեր։— Գլուխը կտրելու է։ Ոչ, կախելու է, կը պնդեր մյուսը։— Գլուխը կտրելեն վերջը կախելու է։ — Չըլլար, նախ կախելու է վերջը գլուխը կտրելու է։— Գլուխը կտրելեն վերջը բանտը դնելու է։— Ո՛չ, տուգանք առնելու է...

Այս համակրական ցույցերուն համար մեր շնորհակալությունները կը հայտնենք իրենց. Աստված պակաս չընե ասանկ բարեկամները, բարեկամներ, որք եթե բարություն մը չեն ըներ, չարիք ալ չեն կրնար հասցնել, և որոնց Մեղու ո՛չ ծափահարութենեն կը քաջալերվի և ո՛չ ալ սույլեն կը վհատի, որովհետև տկար միտքերու տված վճիռն ալ տկար ըլլալով այն միտքին պես ուսկից որ ելած է, ազդեցություն չկրնար ընել, և այն գրությունը, որ ոևէ կերպով անարժան էր լույս տեսնել, առանց տկարամիտներու վճռույն սպասելու ծնած ժամուն կը մեռնի։ Այս տեսակ դրությանց կյանքը խիստ կարճատև է, ինչ կըսեմ, արդեն մեռյալ կը ծնին։

Ուստի, Մեղու երբեմն անցյալեն և միշտ ապագայեն խրատվելով այսօրվնե կ՝սկսի յուր ճամբան շարունակել, կանխավ դիտ-

  1. Պատվսկան բառին տեղ գործածված է։ Խմբագիրը դատ բանալու ըլլա նե չենք սեպեր։ Ծ. Հեղ.։