Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/210

Այս էջը սրբագրված է

— Չնստի՞ք ախպար. ինչո՞ւ ոտքի վրա կեցեր եք, նստեցեք։ Չեմ ըսեր քի չեմ տար, բայց ինչո՞ւ գրեցիք։

— Նստելու ժամանակ չունինք պիտի երթանք (Գրասեղանին վրա քանի մը ոսկի կը տեսնվի) նամակը գրողը ես չեմ, ուրիշ գրեր է տե, տակը իմ անունս գրեր է։

— Վայ թշվառական. ծո՛, աս ի՞նչ խարդախություն է, անանկ է նե՝ չըսե՞ս քի դուն քիչ հանցանք չունիս այս գոըծին մեջ։

— Չունիմ հապա։

— Պե ախպար, ինչ խարդախ մարդիկ կան եղեր մեյեր աշխարհիս վրա։ Ամա քուկին գրած չըլլայդ աղեկ գիտե՞ս։

— Գիտեմ յա՛։

— Յոխսա դուն գրեր ես տե, հիմա ասանկ ուրանալ կուզես կոր նե՝ չեմ ընդունիր ես. Աստված չընե, ես մյուս խմբագիրներուն պես չեմ. չյունքի մեր մեջ անանկ խմբագիրներ կան քի, օրինակի համար սա նամակը դուն գրած ըլլաս տե, վերջեն քանի մը ոսկի տալով ետ ուզես նե՝ կուտան. բայց ես մինչև որ չստուգեմ նե չեմ տար։

— Խմբագիր մալ ասանկ ըլլալու է։

— Ի՞նչ ըլել է էֆենտիմ, խմբագրությունը խաղալի՞ք է, անանկ առանց ստուգելու գո՞րծ կը տեսնվի։

— է՜յ, սա նամակը կուտա՞ք։

— Բան մը կընենք. կեցի նայինք։

— է՜J, անանկ է նե՝ ես կերթամ կոր։

— Կաղաչեմ, կերթամ կոր մըսեք, այլ կերթամ, վասնզի կոր-ը անուշ չգար ականջին և թե որ մեյ մալ կոր-ը գործածես, գիտցած եղիր, որ նամակդ չեմ տար։

Կը տեսնե՞ս ընթերցող, սա Ալեաթձյանին վարպետությունը, տե՞ս ինչ սատանայական ձևերով կուզե ԿՈՐ խաբել խեղճ Մասիսը. կեոյա նամակը ինք չէ գրեր տե ուրիշ մը գրեր է եղեր։

Միամտությունը մեկդի ըրե Մասիս, իր խոսքերուն չհամոզվի. հա. նամակը ինք գրած է, հիմա քեզի խաբել կուզե ԿՈՐ։

Միամիտ մարդ մը գտեր եք յա, խաբեցեք նայինք։