Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/231

Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈՒ ՎԱՅՐԿՅԱՆ ԺՊԻՏԻՍ ՀԵՏ

Ո՞ւր կփախչիս ժպիտ... ինչո՞ւ չես գար դեմքիս վրա փայլելու․․․ ըսե՛, ինչո՞ւ դեղնած ես, ինչո՞ւ տխուր ես... միթե՞ Կրոնական ժողովին սպառնալիքեն վախցար...

Առ իս ո՜վ ժպիտս, դու իմ կյանքս ես, իմ հարստությունս ես, թե դու չլլայիր ո՞վ կը նայեր երեսս։ Առ իս ո՜վ ժպիտ, անհնար Է ինձ քեզմե բաժնվիլ, իմ մորս արգանդին մեջ միացա քեզի, աշխարհիս մորն արգանդին մեջ պիտի բաժնվիմ քենե...

Առ իս իմ ժպիտ.․. դու իմ հոգիս ես, մեկու մը չեմ տար զքեզ, եթե հրեշտակն գա հոգիս ուզելու, բոլոր ուժովս դեմ պիտի դնեմ և զքեզ չպիտի տամ իրեն, իսկ երբ ուժաթափ նվաղիմ, այն ատեն, այն ատեն միայն զքեզ պիտի տամ իրեն... ա՞ռ պիտի ըսեմ իմ... ժպիտս, այն է, իմ հոգիս...

Եկո՛ւր ուրեմն, ժպիտ, քանի որ դեռ ժամանակ կա, եկո՞ւր խնդանք։