Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/236

Այս էջը սրբագրված է

տալով և տիրոջն ալ կանխիկ 200 ոսկի կը հանեն կուտան ալ, ինչ քսակներ կը պարպվին, ինչ տուներ, սենյակներ կը ծախվին, ինչ մարդիկներու կը դիմվի, ասչափ ստակը ճարելու համար, ինչ կը գտնեն ու կը վճարեն և թատրոնն իրենց վրա գոնթրաթ կընեն։

Վարդովյան Էֆենտին իմանալով, դող կելլե, և կը փութա զայդ վարձողները գտնելով սրտերնին շահելու և թատրոնը դարձյալ ինք վարձելու, կիմանա, որ այդ մարդիկներն ալ իրեն վաղեմի բարեկամներն են եղեր, ուստի ներսանց քիչ մը կուրախանա, որ գործը դյուրությամբ պիտի կրնա գլուխ հանել։ Իսկույն կերթա ատոնք կը գտնե և պետք եղածը կը խոսի, անոնք ալ կեոյա հաճություն կը ցուցնեն, սա պայմանավ, որ գիշեր մը կոչունք մը տա իրենց։

Վարդովյան Էֆենտին, որ ինչ ըսես նե՝ չէ չըսեր, գիշեր մը մեծ պատրաստություն կը տեսնե յուր տունը, յուր դերասաններն ու դերասանուհիներն ալ հոն ներկա գտնվելու պայմանավ, որովհետև նորին արժանապատվությունը անանկ կամք հայտներ Է եղեր, իրեն ու դերասանական խմբին մեջ տեղը ինչ կա չգիտեմ և նույն գիշերն ալ հիշյալ թատրոնը վարձող յուր վաղեմի բարեկամներն ալ հրավիրելով, խոսքը մեկ կարգին կը բերե և կառաջարկե, որ գործը ժամ մը առաջ լմնցնեն։

— Ո՛ւֆ, աղբար, աղբար, խմենք, աղբար ո՜ւֆ, կը գոչե նորին արժանապատվության մտերիմ ընկերը։

— Այո՛, այո՛, խմենք, կըսե նորին արժանապատվությունը կատարյալ պաղարյունությամբ մը։

— Լավ, խմենք ա՛, կը պատասխանե Վարդովյան էֆենտին, առաջի իրիկվնե մինչև հիմա էփ աղեկ խմեցեինք, սա գործերնիս մեյմը լմնցնեք տե, վերջը ուրախ ու գոհ սրտով խմենք։

— Ո՜ւֆ, աղբար, անշահ բան, ի՞նչ թոհաֆ մարդ ես, կ՝ըսե, Վարդովյան էֆենտիին մորուքը ձեռքին մեջն առնելով։

— Ասիկա կը հասկնաս ինչ ըսել է յա, կը կրկնե նորին արժանապատվությունը։

Կը հասկնամ, այսինքն․․․ այսինքն․․․ մորուքս․․․

— է՛հ, է՛հ, բավ է, իմացա, հասկցեր ես, խմենք աղբար, ո՜ւֆ, խմենք։

— Շիշեները տակ կըլլա կոր, ամա մենք ուր ենք նե՝ հոն ենք, տակավին քայլ մը անդին չգացինք։

— է՜յ, ի՞նչ, պիտի երթայի՞նք հապա։

— Բայց ներեցեք, ի՞նչ ըսել կուզեք, ի՞նչ է մտքերնիդ։

— Ո՛ւֆ, աղբար, չեմ գիտեր և ինչ կա, որ չեմ գիտեր, զար-