Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/240

Այս էջը սրբագրված է

պետք էր սահմանական եղանակ, ներկա ժամանակը գործածել։ Մեղուի հարգած սկզբունքը «չէ ընդունած» ըսելը՝ ո՛չ անցելույն և ո՛չ ալ ներկային մեջ ընդունած է ըսել է։

Օրինակի համար, երբ ըսեմ, թե՝ Ասիա Քերականության երես չէ՜ տեսած, հասկցնել կուզեմ, թե՝ Ասիա բնավ Քերականություն չէ կարդացած, որովհետև եթե անցելույն մեջ կարդացած ըլլար՝ չպիտի կրնայի ըսել, թե՝ Ասիա Քերականություն չէ կարդացած։

Ասիկա որչափ որ օրինակի համար կըսեմ նե՝ միտքս ճշմարտություն մը հայտնելու համար է։

Ինչ և է, կը խոստովանիս հիմա, որ Մամուլ կրոնքը ծաղրած է, բայց կը ցավիմ, որ Քերականություն չգիտնալդ ալ մեկտեղ խոստովանեցուր։

Մենք ալ հոս դարձյալ կը խոստովանինք, որ անարժան կրոնականները ծաղրեցինք, բայց կրոնական արարողությունները երբեք չծաղրեցինք։

Այո՜, հաշիվը գոցվեցավ, հիմա դառնանք մյուսին։

Կըսեք, թե՝ Մեղուի Խորեն սրբազանի վրա գրածը չափազանց գտեր եք, և Կրոնական ժողովին հետ համամիտ եք մեզ ղրկված ազդարարության մասին։

Աղեկ միտքդ բռնե ասիկա։

Մեղու այդ ազդարարության պատասխանը տալովն Կրոնական ժողովո այդ գրությունը հերքեց, ինչպես նաև հերքեցին բոլոր լրագիրը բացի Մանզումեեն, որ լրագիր ըսվելու տեղ չունի, կարծեմ Ասիա՛ դուք ալ դեմ գրեցիք ըսելով, թե՝ «Կրոնական ժողովը ատանկ ազդարարություն մը ղրկելու չէր, որովհետև մեզ մի՜ ծաղրեք ըսելը ձգեցեք, որ ուզածնիս ընենք ըսել է»․ հոս ալ Կրոնական ժողովին հետ հակակարծիք եք, միտքդ բռնեցիր ա՛, քիչ մը վերը համակարծիք էիր։

Հիմա քեզ կը մնա այս հակասութենե դուրս ելնել, եթե առաջին կարծիքդ ուղիղ է՝ վերջինը հետս կոչե՜ և պատասխանիս սպասե, եթե վերջին կարծիքդ ուղիղ է, զիս պաշտպանած կըլլաս և երեկվան գրածդ ալ հետս կը կոչես։

Ա՜լ այսչափ քերականության անհմուտ և այսչափ տղայական հակասությանց մեջ գտնվող խմբագրի մը ի՜նչ անուն որ տալ պետք է նե՝ կուզեմ, որ դու քու բերնովդ ըսես․․․ բայց բացե ի բաց մի ըսեր, ես ալ չեմ ուզեր, որ անանկ ըսես, այլ անանկ մեկ ձևով մը ըսե, որ ես ու դուն միայն հասկանանք։

Այս հաշիվն ալ ասանկ գոցենք։