Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/242

Այս էջը սրբագրված է

ԱԼՔԱԶԱՐ

Քանի մը տարիներե ի վեր մեր բոլոր ուժը թափելով վերջապես հաջողեցանք վարձակալը Ալքազարեն դուրս հանել․ բայց, եկ ու տես, որ աս անգամ ալ Ռուսիո դեսպանատան թարգմանը ներս մոռցանք և դուռն ալ վրայեն գոգեցինք։ Օրագիր այս լուրը տալով կ՝ըսե, թե՝ ասիկա մեծ խնդրո մը կերպարանք պիտի առներ, եթե վերջեն դուռը բացվելով թարգմանը դուրս չելներ։

Ինչ և է, հիմակու հիմա Բարձրագույն Դռան շնորհիվը Ալքազարը գոցվեցավ, կը հուսամք, որ քիչ օրեն մեր ազգին կը հանձնվի։


ՎԱՐՊԵՏ ՄՈՒՐԱՑԿԱՆ

Մուրացկաններն ալ վարպետություն ունին. թշվառականները յուրաքանչյուրին վիճակին հարմար բարեմաղթություններ ընելով ստակ կը փրցնեն։

Մուրացկանին մեկը առջի օրը բոլոր խմբագրաց սենյակը երթալով ամենեն ալ ստակ կը փրցնե։

Մասիսին կ՝երթա, Աստված դատիդ հաջողություն տա կըսե։

Մանզումեին կերթա, հոդվածներուդ խերը տեսնես կ՝ըսե։

Օրագրին կերթա, Աստված էրիկ կնիկի կռիվները պակաս չընե կըսե։

Փողին կ՝երթա, Աստված քեզի այսօր խայըրլը կռիվ մը տա կըսե։

Հայրենիքին կ՝երթա, Աստված քեզ փրկե կըսե։

Ասիային կերթ ա, Աստված դրած հոդվածներուդ շնորհք տա կ՝ըսե։

Փունջին կերթա, Աստված բառերու նոր նշանակություններ տա կ՝ըսե։