Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/251

Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ՔԱՂԱՔԱՎԱՐՈԻԹՅՈԻՆ

Քեզմե մեծ մարդու մը հետ զբոսարան գտցած ատենդ ան չնստած՝ դուն մի՛ նստիր, անբան մը չապսպրած՝ դուն ալ մապսպրեր, գիտնալով, թե ապսպրողը ստակը կը վճարե։

Բարեկամներեդ մեկուն գործերը ավրվի նե՝ բացե ի բաց թոբ նետեր ես ըսելը մեծ անկրթություն է. պետք է ըսել, «ցավոք իմացա, որ վճարումներդ դադրեցուցեր ես»։

Փողոցը գացած ատենդ ետևդ մի դառնար ու նայիր, մեծ ամոթ է. անոր համար ամոթ է, որ պարտատեր ըսածդ միշտ մեր ետևեն կուգա։

Այցելութեան մը երթալու պատրաստված ատենդ, թե որ հյուր ընդունիս՝ տեղ պիտի երթամ հյուր չեմ կրնար ընդունիլ ըսելը քաղաքավարության դեմ է. քաղաքավարությունը կը պահանջե, որ շարունակ ժամացույցդ նայիս։ Թե որ ասկե չհասկնա՝ նստած տեղդ կսկսիս քնանալ, հյուրդ կը հասկնա, կ՝առնե կը քալե։

Օմնիպուս կամ թրամվեյ նստած ժամանակդ քովդ կամ դիմացդ եղող կանանց մի՛ նայիր, թե որ կարճատես ես։

Բեռնակիր մը, կամ խայըխճի մը պախշիշ ուզելու ըլլա նե՝ ալաֆրանկայի դեմ է ըսելով մի՛ տար, թե որ տալու ստակ չունիս նե։

Տուն մը մտած ատենդ եթե անծանոթ մը գտնվի հոն, մյուսներուն հետ ան ալ բարևե, թե որ հարուստ երևա նե աչքիդ։

Շոդենավեն դուրս ելած ատենդ աս ու ան հրելով, մշտելով ելնելը մեծ ամոթ է. սպասե՛, որ ամենը ելնեն ու էն վերջը դուն ե՛լ, կրնա ըլլալ որ շոգենավին մեջ մեկը բան մը ձգած ըլլա։

Ընտանիքի մեջ նստած ատենդ ի պատիվ կանանց ֆեսդ հանե ու բաց գլխով նստե, թե որ ֆեսդ հին է նե։

Սիրուհիդ փողոցը հանդիպելու ըլլաս նե՝ ձեռքը մի թոթվեր, թե որ ձեռնոց ունի նե։