Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/282

Այս էջը սրբագրված է

ԱՌ ՄԱՏԹԵՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԻԶՄԻՐԼՅԱՆ

Հայր սուրբ․

Երբ Սահմանադրության դիմակով, ազգասիրության անունով ազգին վրա տիրապետել ուզող աղատասերները զձեզ իրենց քաղաքականության գործիք և իրենց գաղափարաց քարոզիչ ընելու համար ձեր ձեռքեն բռնեցին և ազգային գործոց ասպարեզը նետեցին, անոնց հույսը պարապը չհանեցիք։ Մեքենայություններ սկսան, խռովության որոմները ցանվեցան, վարձքերնիդ կատար հա՛յր սուրբ, Ռոտենի հոգին ձեզ օգնական պահապան։ Բայց դուք անանկ կը ցցունեք զձեզ, որ Հայաստանյայց եկեղեցվո մեկ ճշմարիտ պաշտոնյան եք, կրոնասեր, խղճահար, սահմանադրասեր կը ձևանաք, և կուզեք, որ ասոնց հավտան ամենքը։

Մեղու ամեն բանի դյուրավ չհավատար, Մեղու ծաղկին թերթին չնայիր, անոր հյութը կը ծծե․ Մեղու մարդոց դիմակին չհարիր, անոնց հոգին կը քննե։ Ժամանակը եկավ, որ զձեզ ալ քննե ու ձեր վկայականը տա, ուստի կը հարցնե.

Նախ, դուք Սահմանադրությունը կը հարգեք, անկե շեղողը կը դատապարտեք, այնպես չէ՞, ինչո՞ւ ուրեմն Կրոնական ժողովո անդամակցությունը հանձն առիք, քանի որ Սահմանադրությունը կը պահանջե, որ Կրոնական ժողովո անդամ ըլլալը հինգ տարվան ձեռնադրյալ եկեղեցական ըլլա և դուք հինգ տարվան ձեռնադրյալ եկեղեցական չէիք։

Պետք չէ՞ր արդյոք, որ պաշտոն ու բարձ զոհեիք օրինապետության դաս մը տալու համար ամենուն, ինչպես տվավ փաստաբան Մերյեմ Գողի էֆենտին, և օրինական արգելք ունենալուն համար երեսփոխանութենեն քաշվեցավ։ Ուրեմն, ձեր սահմանադրասիրությունը դիմակ մէ շնորհազարդ վարդապետ։

Երկրորդ, եթե դուք հավատք ունիք ու բարեպաշտ եկեղեցական մեք, ինչո՞ւ ուրեմն Սելամսըզի թաղեցիք, երբ քահանայա-