Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/294

Այս էջը սրբագրված է

Շողոքորթության գավաթը նեկտարի գավաթ կարծելով, անմահացա ըսիր՝ խնձորն ուտելով, աստվածացա ըսիր, լա՛վ, բայց մերկությունդ զգալեդ վերջը թաքչելու չէի՞ր ո՜վ մոլորյալ զավակդ արգիլյալ ծառույն։

Ողբա՜մ զքեզ, Հոբ երանելի, որ մերկ եկար հրապարակ և մերկ ելար հրապարակեն։

Ի՞նչ է այդ գոռում գոչումդ Միսաքյան էֆենտի. առյուծի մը պես կը գոռաս, կորոտաս, և կը պոռաս, թե ո՜ւր է իմ դարավոր հագուստս, ո՞ւր են իմ փետուրներս, ո՞ւր է իմ համբավս։

Ես ալ հարցնեմ, ո՞ւր է այդ համբավդ, ո՞վ է շիներ այդ համբավը, ե՞րբ է շիներ, ի՞նչպես է շիներ, և ո՞ւր դորա հիմունք։

Եպիմենիթեսդ, Տքնությո՞ւնքդ, է՛հ, բարեկամ, քիչ մը հով ելնե նե՝ այդ հիմանց վրա հաստատյալ շենքիդ մեջ մի՛ նստիր։ Մասիսի՞ մեջ. բայց դու ըսիր, թե Մասիս անապատ և ավազուտ է, և ինչպես ավազի վրա դրված հիմանց կը վստահիս։

Ըսե՛ էֆենտի, ինչո՞ւ բարկությանդ աղաղակներովը կը լնուս հրապարակը, ով առեր է նե՝ թող տա համբավդ. ո՜վ տվեր է նե թո՜ղ առնե. Մասիսեն ի՞նչ կուզես ո՜վ Արամազդ, և ինչու քու բարկությանդ շանթերը դեպի Մասիսի գագաթը կարձակես։ Շանթերը բարձր տեղերու թշնամի ըլլալուն համար։ Գիտցիր, այն չափ ուժգնակի արձակեցիր շանթերդ, որ ահագին շառաչմամբ Մասիսի գագաթը զարնելով հետս մղվեցան, քու գլխուդ վրա թափվեցան, ճակտիդ զարկին և ուղեղդ փշրեցին։

Այո՜, այդ շանթերը Մասիսի գագաթին վրա փայլատակեցան, բայց քու գլխուդ վրա թոթափեցան։

Զգո՜ւյշ, հանդուգն ծերունի, անխոհեմությամբ ձգված նետը նետողին կը վնասե։

Դու չէ՞իր, որ ելած նստած տեղդ Մասիս բառերուն նշանակությունը կը փոխե, ազգալեզվապիղծ է ըսիր գաղտնապես բոլոր աշխարհի, գաղտնիքդ տանիքներու վրա քարոզեցիր, վատը, ծույլ, թույլ կը նշանակե ըսիր մեկուն, վերջեն խմբագրի մը սենյակը երթալով շատ ծանր նշանակություն ունի ըսիր։ վերջապես ինչո՞ւ լռություն պահեցիր, երբ Հնարավանին մեջ խոսածներդ Փունջի մեջ հրատարակվեցան. ինչո՛ւ այն ատեն չքերքեցիր այդ դրությունը։

Չհերքեցիր, որովհետև վերջեն պիտի ընդունեիր այդ գրությունը, ինչպես որ ընդունեցիր, չքերքեցիր, որովհետև Ութուճյանի գրագիտական համբավը կոտրելու համար անոր վրա պիտի հար-