Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/300

Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ՎԻՃԱԿԱՀԱՆ

ԵՎ

ԵՐԱԶԱՀԱՆ ԸՍՏ ԲՆՈԻԹՅԱՆ

Ծանուցանելու խնդրանոք այս վերնագրով գիրք մը բերին մեզ երեկ։

Վիճակս հասկնալու հետաքրքրությամբ աչքերս գոցեցի և գրքին մեջ գտնված թվանշաններու աղյուսակին վրա մատս պտտցնելով 53 թվույն վրա դրի։

53 թվույն պատասխանող կտորը կարդացի, և ահավասիկ.

«Ըստ արժանույն ընտանեսեր ըլլալուդ համար կը գովեմ զքեզ, բայց կը խրատեմ միանգամայն, որ քիչ մը ծանրաբարո ըլլաս և հաստատամիտ քու առևտրական և ընտանեկան գործոցդ որոշմանցը մեջ։ Թեև ամեն բանի մեջ հաստատամտությունը մարդկային հառաջադիմության արգելք է, սակայն որևէ որոշում մը Հաստատամտությամբ գործադրություն կը պահանջե, և այլն։

Իմ վիճակս հասկնալի ետքը փափագ մը եկավ վրաս մյուս խմբագրաց ալ վիճակը հասկնալ, ուստի վերոգրյալ գործողությամբ ամենուն ալ վիճակը նայեցա։

Ասիային 9 թիվը ելավ և 9 թիվին տակը այսպես գրված էր.

«Շատ ծանծաղամիտ և ապուշ մեկն ես, անիմաստ և անպետ խոսքեր կընես, շատ խոսիլը կը սիրես, քանզի դատարկախոս ես։ Շատերը վրադ կը խնդան և դուն քու ծանծաղամտությանդ և դատարկախոսությանդ ճարը չես նայիր, քեզի վերաբերյալ չեղած բաներու միջամտություն կընես և պզտիկ կիյնաս։ Դուն գործի մարդ չես, եթե շիտակը կ՛ուզես իմանալ դուն աշխարհիս վրա բեռ մը կրնաս սեպվիլ և այլն»։

Աս հասկնալեն ետքը Մանզումեին վիճակը նայեցանք։

Ցավոք սրտի կըսենք, որ Մանզումեին 15 թիվ ելավ. ահա 15 թվույն տակը գրվածը.