Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/312

Այս էջը սրբագրված է

ԹԵ ԻՆՉՈՒ ԿՅՈՉԵՅԱՆ ԷՖԵՆՏԻ ՄԵՂՈՒԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ ՈՒՆԻ

Վսեմափայլ էֆենտի։

Մոլություններ հարվածելու պաշտոնը վարող թերթ մը առավել խղճի ատյանին ապավինելով գրելու է քան թե քաղաքական ատյանին։

Քաղաքականության և բարոյականության մեջ անհուն տարբերություն կա։ Աս երկուքը հաշտ չեն և չպիտի կրնան ըլլալ։ Քաղաքականության մեջ միշտ բարոյականություն չկա, ինչպես որ բարոյականության մեջ ալ բնավ քաղաքականություն չկա. և ասոր համար է, որ ինչ որ շատ անգամ կը դատապարտե քաղաքականությունը՝ զայն կարդարացնե բարոյականությունը։ Քաղաքական ատյանի մը առջև շատ անգամ լավ փաստաբանող մը դիմացինին տկարությամբը դատը կը վաստկի, իսկ բարոյական ատյանի մը առջև հանցավոր մը միշտ կը պատժվի՝ որչափ ալ տկար, որչափ ալ անզոր ըլլա յուր դիմացինը։

Իմ նպատակիս հասնելու համար անպատճառ խղճի ատյանը ընդունելու եմ, և երբ հոս կարդարանամ, փույթ չէ ինձ քաղաքական ատենի մառջև դատապարտվիլը։ Ես կուզեմ, որ ըսեն, «Անմեղ էր և պատժվեցավ» և չեմ ուզեր, որ ըսեն «Պատժապարտ էր և արդարացավ»։

Այս տողերով ինքզինքս ճանաչեցնելեն ետքը բուն խնդրույն դառնամ:

էֆենտի՛.

Ինչու ինձմե ավելի բարեկամներ ունիք դուք։ Ո՞վ եք դուք։ Ի՞նչ եմ ես։ Ի՞նչ ունիք ինձմե ավելի։ Ի՞նչ ունիմ ձեզմե պակաս։

Շնորհիվն և անհասանելի կամոքն աստուծո երկուքնիս ալ ասուն արարածներ ենք, որ կը խորհինք, կը խոսինք, կուտենք, կը քնանանք, կարթննանք, կը ծնանինք և կրը մեռնինք։ Արդ, ինչ որ ունիս դուն իբրև մարդկության նշան, ես ալ ունիմ, և թե որ ասկե