Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/313

Այս էջը սրբագրված է

դուրս բան մը ունիս՝ որուն շնորհիվը շատ բարեկամներ ունիս, ապա ուրեմն այն բարեկամներն քուկդ չեն, այլ անոր զոր դուն ունիս և ես չունիմ (որովհետև բարեկամ չունիմ)։

Ինչ է ուրեմն այն, որ դուն ունիս ես չունիմ։

Երկու տարեկան տղա միսկ գիտե ասիկա ու կըսե.

— Ոսկին։

Բայց ոսկին մարդկության նշան չէ։

Այն, որ հոգի ունի, մարդ է կրնանք ըսել, բայց չենք կրնար ըսել, թե՝ այն, որ ոսկի ունի մարդ է։ Եթե այս ըսելու կարող ըլլայինք քսակներն ու քասա ներն ալ մեյմեկ մարդ պիտի ըլլային:

Ուստի, երբ ոսկին դուրս հանենք այս խնդրույն մեջեն, բոլոր բարեկամներդ ալ դուրս կելեն և անոր կերթան, հետևապես ես ու դուն միայն կը մնանք իբրև մարդ իրարու համապատիվ և համազոր։

Մեր խնդիրն ալ մարդկության խնդիր է և ոչ ոսկիի, ուստի, հրամայեցեք խել մը խեղճերուն և տգետներուն, որ չհայհոյեն ինձի և մտիկ ընեն։

էֆենտի՛, դուք զՄամուլ պաշտպանելով ըսիք Արևելյան Մամուլին.

— Անոթութենե մեռիր։

Ահա այս է իմ ցավս։

Դուք զՄամուլ պաշտպանելով Մասիսին ըսիք.

— Խեղճ պիտի ապրիս։

Ահա այս է իմ վիշտս։

Դուք զՄամուլ պաշտպանելով Օրագրո ըսիք.

— Հակառակ քու աշխատությանցդ պետք է որ խայտառակվիս։

Ահա այս է իմ վախս։

Դուք զՄամուլ պաշտպանելով գրական ասպարեզին վրա սնունդ հայթայթելու համար անոթի փորանց ձեռադիր դրելով, իրիկունը չոր հաց ուտելով աշխատող խմբագրաց ըսիք։

— Սատկեցե՛ք դուք։

Ահա այս է իմ մահս։

Թո՛ղ հայ լրագրությունը մեռնի, թող ան ու աս հանիրավի խայտառակվի, ես պիտի զբոսնում ըսիք։

Ահա այս է ձեր մահը։

Ահա այս է ճշմարտությունը։