Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/315

Այս էջը սրբագրված է

ԱՇԽԱՐՀԻՍ ՎԵՐՋԸ Ե՞ՐՐ ՊԻՏԻ ԳԱ

Շատոնց ի վեր սույն խնդիրը լուծելու համար ամեն միջոցներու դիմեցի, ամեն խուզարկություններ ըրի, ամեն ենթադրություններ փորձեցի, և ամեն երևելի անձանց հարցուցի, բայց մինչև հիմա դեռ չկրցա սույն խնդրույն որոշ լուծում մը տալ, վասնզի ընդունած հետևություններս իրարու խիստ հակառակ էին, և ամեն ոք իրարմե բոլորովին տարբեր գաղափարներ կուտային ինձ։

Ուստի, սույն գաղափարներն ահա հոս կը դնեմ, ընթերցողաց և ապագային թողլով մյուս մնացած աշխատությունը կատարել։

Երբ պառավ կնոջ մը հարցուցի, ըսավ թե, երբ որ բոլոր աշխարհքի բնակիչք գրող կարդացող ըլլան։

Երբ դերձակի մը հարցուցի, ըսավ թե, երբ որ բանթալոներն այնչափ լայննան, որ զույգ մը ֆիստան արժեն։

Երբ մոտիսդի մը հարցուցի, ըսավ թե, երբ որ միևնույն տեսակ հագուստը հազար ու մեկ անգամ մոտա ելնե։

Երբ ֆեսնիի մը հարցուցի, ըսավ թե, երբ որ ֆեսերն այնչափ պզտիկնան, որ տիատեմի նմանին։

Երբ լրագրապետի մը հարցուցի, ըսավ թե, երբ որ գրել կարդալ չգիտցող մը խմբագիր ըլլա։

Երբ երեսփոխանաց հարցուցի ըսին թե, երբ որ Սահմանադրությունը վերաքննվի։

Երբ պատկերահանի մը հարցուցի, ըսավ թե, երբ որ գունավոր լուսանկարություն հնարվի։

Երբ հունաց Պատրիարքին հարցուցի, ըսավ թե, երբ որ Կ. Պոլսո մեջ կոնիզմայեն այլ ևս հրդեհ չպատահի։

Երբ Փանոսյանին հարցուցի, ըսավ թե, երբ որ Մեքթեպնե իսլահաթին վերջը գա:

Երբ Փունջի և Մասիսի խմբագրաց հարցուցի, ըսին թե, երբ որ իրենց դատը վերջանսա։