Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/317

Այս էջը սրբագրված է

ՕՐԹԱ ԳՅՈՒՂ

Այս գյուղը ինչպես որ ամենուն ծանոթ է, լուսավորյալ գեղ մէ։ Ունի թատրոն, ունի քլյուպ, քիչ ատենեն պիտի ունենա նաև Ակադեմիա մը։

Բայց, պիտի ըսե հիմա ընթերցողը, ասոնց ամենն ալ չափ հասները կրթելու կը ծառայեն, քան թե տղաքները, քան թե ուսանողները, դպրոցին վիճակը ինչպե՞ս է, ան ըսե մեզ։

Ի՞նչ ըսեմ ընթերցող, օրթագյուղցիք ավելի զիրենք դաստիարակելու հոգ կը տանին, քան թե իրենց տղաքները, և այս է պատճառը, որ խեղճ դպրոց մունին։

Այս դպրոցը, այս տարի առանց քննություն տալու վաքանս կընե կոր, ամսույս տասնհինգին պիտի բացվի եղեր։

Ո՞վ պիտի բանա այս դպրոցը, որո՞ւ տնօրինության ներքև պիտի կառավարվի։

Ասիկա դեռ հայտնի չէ։

Ասկից առաջ հիշյալ դպրոցը Բարեսեր ընկերության տնօրենությանը ներքև բարեկարգ վիճակ մուներ շնորհիվ մեծապատիվ Սիմոնովիչ և Պերյանգ էֆենտիներու անխոնջ ջանիցը, բայց ասոնք թաղեցվուքն կողմե գոհացուցիչ օգնություն մը չտեսնելնուն ստիպվեցան հրաժարիլ։

Ստիպվեցան ըսինք, որովհետև եկեգեցվույն տված ստակը, թաղեցիեն հավաքված հասույթը անբավական ըլլալով դպրոցին ծախսերը գոցելու, Բարեսեր ընկերությունը իր քսակեն կուտար պակասը, և դասատվաց ամսականները ժամանակին կը վճարեր։

Երեք ամիս է կարծենք, որ Բարեսեր ընկերությունը հրաժարեցավ. երեք ամիսե ի վեր թաղեցին իր բռնած ընթացքեն չհրաժարեցավ. երեք ամիս է, որ դպրոցը անխնամ վիճակի մեջ թողված է։

Ըստ մեզ, ժամանակն է, որ օրթագյուղցիք՝ դպրոցնուն արդի վիճակը նկատողության առնելով պետք եղածը տնօրինելու փութան, որովհետև վաղը ձմեռը գալուն պես, թատրոն երթալեն ժամանակ չեն կրնար ունենալ ասանկ բաներու վրա խորհելու։