Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/331

Այս էջը սրբագրված է

ոչ թե ծեծելու, այլ պիտի կրնայի՞ն արդյոք Պեկյանին մազին դպչելու, և եթե դպչիլ հանդգնեին՝ կը հավատա՞ք, որ ժողովուրդը անտարբեր կենար։ Եթե կը հավատաք՝ ո՞ւր է փորձերնիդ։ Եթե չեք հավատար՝ ո՞ւր է Սահմանադրականություննիդ։

Ենթադրենք, թե ծեծելու համար եկած էին և կամ ծեծեցին։ Երկու թուլումպաճիի մեղքը ինչո՞ւ ժողովրդյան քավել տալ կուզեք անոր իրավունքն ոտնակոխ ընել փորձելով։ Ասոր առաջքն առնելու համար ժողովուրդը դուրս վռնդելեն և դռները գոցելեն զատ ուրիշ միջոց չկա՞։

Քանի մը ավազակներ քաղքեն ներս մտած ըլլալուն համար բոլոր քաղքին բնակիչները դուրս ընելով դռնե՞րը գոցելու է, չէ նե այդ ավազակները գտնելով պատմելու է և կամ ուրիշ միջոցներու դիմելու է։

Ո՞ւր տեսնված է ասանկ այլանդակ որոշում մը, ո՞ր օրենքը կը տրամադրե այս պատիժը, ո՞ր երեսփոխանությունը կրցեր է ասանկ որոշում մը տալ առանց գաղտնի նպատակ մունենալու։

Զգուշացիր ժողովո՛ւրդ, քանի մը թուլումպաճիներու հանցանքը՝ եթե երբեք հանցանք մը ըրած են, քու վրադ բեռնավորելե։ Մի ընդունիր այս արատը՝ զոր խիստ դժվար է սրբելը։ Բանավոր պատճառավ մը տեղի ունեցած դռնափակ նիստերը հոժարակամ ընդունե, որովհետև անոնք քու բարվույդ համար են, բայց ըսել մի՜ տար երեսփոխանության, որ երեք թուլումպաճիի համար ամբողջ ժողովուրդը դուրս վռնդեցինք, ժողովուրդը անբանի տեղ դրինք և մեր դավն առաջ տարինք։

Ճզմե այդ երեսփոխանաց գլուխը, որք զքեզ դուրս վռնդել կուզեն: Փորձով ցույց տո՜ւր իրեն, որ ի պահանջել հարկին դուն կարող ես զայն վռնդել և ոչ թե ան զքեզ։ Հիսուն կամ վաթսուն երեսփոխանաց ստորագրություններեն մի՜ վախնար երբեք, անոնք հիսուներկու ձայն ունին, դո՛ւ, ժողովուրդ, գիտես ինչ ձայն ունիս, քու ձայնդ Աստծո ձայնն է երբ իրավանցդ պաշտպանության համար կը բառնաս զայն։ Արգիլե՜ այդ դռնփակ նիստը, ներս մտի՜ր, երեսփոխանացդ, նամանավանդ զքեզ վռնդել ուզող երեսփոխաններուն ետևը կեցիր, պաշտպանե՜ այդ վատերը ըսելով, «Եթե դուք վատ եք՝ մենք քաջ ենք, եթե դուք չունիք՝ մեր բազուկները հզոր են, եթե դուք ապտակե մը կը վախնաք՝ մենք զենքեն իսկ չենք վախնար զձեզ պաշտպանելու համար»։ Ժողովո՛ւրդ, պաշտպանե՛ ատոնք և քաջությունդ ցույց տո՛ւր, թող ամոթապարտ կարմրին։ Պաշտպանե՛ ատոնք, զանոնք պաշտպանելովդ ինքզինքդ