Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/332

Այս էջը սրբագրված է

պիտի պաշտպանես, իրեն ըսած պիտի ըլլաս, «Դուք զմեզ վռնտեր Էիք և մենք եկանք զձեզ պաշտպանելու․․․»։

Աս Է ձեր ընելիքը ժողովուրդ, աս Է նաև իմ ընելիքս և մեծ փառք կը համարիմ ինձի, որ ձեր հետը պիտի գտնվիմ. ավելի կուզեմ քու իրավունքդ պաշտպանելով ծեծ ուտել քան թե զքեզ անարգելով ծեծել։

Ճակատնիս թող բա՜ց ըլլա, մեր ծեծ ուտելուն պատճառը հարցվի մեզ ըսենք․

— Երեսփոխանությունը պաշտպանելու գացեր Էինք, երեսփոխանությունը մեզ ծեծել տվավ։

Երեսփոխանությունն ալ թո՛ղ իր կողմեն ուզած միջոցները ձեռք առնե ապահով ըլլալու համար, ամեն միջոց կը ներենք իրեն բացի դռները գոցելու միջոցեն։

Թո՛ղ Քազազյան էֆենտին կես պաշտոնական կամ մեկ քառորդ պաշտոնական կերպով հսկե, բան մը չենք ըսեր։

Ավելի աղեկ է իրավունքնիս վայելելու համար ձեռք առնված միջոցները ընդունել, քան թե առանց այն միջոցներու իրավունքնիս կորսնցնել։

Աս է մեր ընելիքը ժողովուրդ, եթե հաջողինք՝ ազգին մեծ օգուտ մը ըրած պիտի ըլլանք, այո՜, երեսփոխանության ժողովուրդեն վախնալ պիտի սորվեցունենք, հյուսիսեն փչող քաղաքականությունը պիտի տապալենք, Օրագիր և Զոյիլ իրարու պիտի ըսեն, «Մեր դարը անցած է, ժողովուրդը սկսավ իր իրավունքը պաշտպանել», Սահմանադրության սկզբունքն և ոգին գործադրած պիտի ըլլանք։

Թող չտանք, ժողովուրդ, որ այդ քաղաքականության գործիքն եղող Օրագիր դեռ խնդա և յուր քսակը գիրցնե ազգին դեմ դավ նյութելով։

Արդեն այդ թերթին խնդալը թիեր Տարեցցոյի խնդալուն կը նմանի։

Բիեր Տարեցցո տանջվելով մեռավ, այն է խնդալեն ճաթեցավ և հոգին ավանդեց։

Օրագրի պես թերթ մը երկար ատեն չկրնար խնդալ։