Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/336

Այս էջը սրբագրված է

ՄԱՄՈՒԼՆ ՇՈՂՈՔՈՐԹՈԻԹՅՈԻՆԸ

Մամուլ յուր բարերարին և պաշտպանին զվարճություն պարգևելու միջոցները օր ըստ օրե կը շատցնե կոր։

Նկատելով, որ յուր պաշտպանը հարուստ է, գիտնալով, որ աղքատ մը կամ էսնաֆ մը ծաղրելու ըլլա նե՝ յուր պաշտպանը հաճույք մը չպիտի զգա, սկսավ յուր պաշտպանին համապատիվ հայ հարուստները ծաղրել, որպեսզի Կյոչեյան էֆենտին խնդա, զվարճանա և ինքնիրեն ըսե․

— Տեսեք, զիս ծաղրող կա՞։

Մամուլ այն աստիճան կը շողոքորթե յուր պաշտպանը, որ անցյալները Կեոչեյան էֆենտիին կողակցին հիվանդությանը և բժշկվելուն առթիվ աղքատաց բաշխված ողորմությունը հրատարակելով կըսեր, թե՝ երանի թե մյուս հարուստներն ալ Կյոչեյան էֆենտիին բարի օրինակին հետևեին, այսինքն՝ մյուս հարուստներուն ալ կնիկները հիվանդանալու են և բժշկվելու են, որ աղքատներն ալ ողորմության երես տեսնան։

Մամուլ այս ամենը ընելեն ետքը հիմա ալ կելնե վսեմափայլ Սարգիս պեյ Պալյանին բանա լիք պանքան կը ծաղրե, պանքա մը, որ Կյոչեյան էֆենտիին պանքային պես միայն դրամական չըլլալով շուտով չկրնար բացվիլ, պանքա մը, որ դեռ մեր ազգին մեջ առաջինն ըլլալով շատ մը հայեր պիտի հոգացվին հոն, և Մամուլ այս պանքան չբացված ծաղրելու կելնե յուր պաշտպանին քահ, քահ մը շնորհելու համար, և իր շողոքորթությունը ծածկելու համար առանց ամչնալու կըսե, թե ես պանքան չծաղրեցի, այլ հույսերնին պանքային վրա դնողները ծաղրեցի։

Ապրի՜ Մամուլ, անանկ փաստ մը առաջ բերավ, որ զենքը չարդարացնելեն զատ հանցանքը ավելի ևս կը ծանրացնե յուր վրա։

Օրինակ մը տանք.

Աղքատ մը հարուստի մը դուռը կը զարնե ողորմություն ուզելու համար. Մամուլ այս աղքատին կը դառնա կըսե.