Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/339

Այս էջը սրբագրված է

Աս ըսողները չեն խորհիր, որ ճշմարտությունը հագցունենք ըսած ժամանակնին՝ անոր մերկ ըլլալուն գաղափարը կուտան իրենց դիմացինին։

Բայց, պիտի ըսեն դարձյալ, մերկ ըլլալուն գաղափարը չտալու համար ճշմարտությունը մե՞րկ ներկայացնելու է։

Այո՛, մերկ ներկայացնելու է, որովհետև տձև կողմ չունի։

Արդ այս սկզբունքիս հենլով ամեն այն ազատությամբ կրնամ ըսել, որ Օրագիր, Փունջ, Ասիա և Մամուլ չեն ամչնար, և իրենց այս վիճակին մեջ ո՛չ թե ժողովուրդը պաշտպանելու՝ այլ իրենց անձն իսկ պաշտպանելու անկարող են։

Շաբաթե մը ի վեր շարունակ մեր շաբաթ ավուր «Արտասուք Մեղուին վերնագրով հոդվածին կուղղեն իրենց նետերը։ Ժողովուրդը խաբելու համար ուզածնուն պես կը մեկնեն և կըսեն թե իբր թե մենք ըսած ըլլանք, «դռները կոտրեցեք, ժողովը կոխեցեք, երեսփոխանները ծեծեցեք ևայլն»։

Ի կրկին խայտառակություն հիշյալ թուղթերու, հարկ կը համարինք հոս դնել հիշյալ հոդվածին այն հատվածները՝ զորս կայլայլեն զոյիլյան զորականք:

Ահավասիկ.

«Քանի մը ավազակներ քաղքեն ներս մտած ըլլալուն համար բոլոր քաղքին բնակիչները դուրս ընելով դռները գոցելու է, չէ նե այդ ավազակները գտնելով պատմելու է և կամ ուրիշ միջոցներու դիմելու է։

«Զգուշացի՛ր ժողովուրդ, քանի մը թուլումպաճիներու հանցանքը եթե երբեք հանցանք մը ըրած են, քու վրադ բեռնավորելե։ Մի՛ ընդունիր այս արատը՝ զոր խիստ դժվար է սրբելը։ Բանավոր պատճառով մը տեղի ունեցած դռնփակ նիստերը հոժարակամ ընդունե, որովհետև անոնք քու բարվույդ համար են. բայց ըսել մի տար երեսփոխանության, որ երեք թուլումպաճիի համար ամբողջ ժողովուրդը դուրս վռնդեցինք, ժողովուրդը անբանի տեղ դրինք և մեր դավն հառաջ տարինք։

«Ճզմե այդ երեսփոխանաց գլուխը, որք զքեզ դուրս վռնդել կուզեն։ (Հոս ճզմել բառը, որ բարոյապես ճզմելու նշանակություն ունի, ինչպես որ վարի տողերեն պիտի հասկցվի. զոյիլյան բանակը այնպես կուզե հավատացնել իբր թե ըսած ըլլանք, ոտքդ այդ երեսփոխանաց գլխուն վրա կոխե՛ և ատոնց գլուխը ճզմե՛)։ Փորձով ցույց տո՛ւր իրեն, որ ի պահանջել հարկին դուն կարող ես զայն վռնտել ոչ թե ան զքեզ։ Հիսուն կամ վաթսուն երեսփոխանաց ստո-