Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/349

Այս էջը սրբագրված է

ԽՈՍՔ ՉԵՄ ՈՒԶԵՐ ԳՈՐԾ ԿՈՒԶԵՄ

Երեկվան Մանզումեին մեջ այս վերնագրով և տաճկերեն լեզվով հրատարակված հոդված մը տեսանք։

Տաճկերեն հոդվածի մը վրան հայերեն վերնագիր մը դնելը՝ տաճկի մը վրա հայ գլուխ դնել ըսել է։

Արդյոք Մանզումե ասանկ այլանդակ բան մը ընելով հայ գլխու տակ տաճկացյալ մեկ քանի էֆենտի՞ները կակնարկե։

Եթե հայերեն գիտնալը ցույց տալու համար է նե մեկ տողը քիչ է. եթե տաճկերեն գիտնալը ցույց տալու համար գրեր է նե՝ այդ երկար հոդվածը շատ է․ եթե գրելու համար գրեր է նե բավական է։

Մանզումեն խոսք չուզեր եղեր, գործ կուզե եղեր անանկ է նե՝ ինչու կը խոսի։

Մանզումեն եկեղեցինիս բարեկարգենք և դուրսեն ալ մարդ գողնանք կըսե․ կրոնքի ազատությունը բռնաբարելու և գողություն ընելու համար եկեղեցինիս բարեկարգելու է եղեր, և կրոնափոխության պատճառն ալ մեր եկեղեցիին անբարեկարգ ըլլան է եղեր։

Տերոյենց պատվելիին ուշագրությանը կը հրավիրենք այս տողերը։