Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/351

Այս էջը սրբագրված է

պերթյան վարժարանը կրոնագիտության դասերովն է եղեր, որ անչափ առաջ գացեր է եղեր, այսինքն թե Պեպեկեն Հիսար գացեր է, եղեր, և թե՝ կրոնագիտության դասերովն այնչափ բարձրացեր է եղեր, այսինքն Հիսարու ամենեն բարձր տեղը հաստատված է եղեր և թե՝ կրոնագիտության դասերովն է եղեր, որ հայ տղաքները կրնան եղեր բողոքականալ և դպրոցը ավելի բարձրացնելով մինչև երկինք հանել։

Այս հորդորներեն կը հետևի, թե տասնևիններորդ դարը կը պահանջե եղեր, որ հայք բողոքական ըլլան։

Մեր գիտցած տասնևիններորդ դարը ասանկ բան մը չպահանջեր, եթե տնօրեն վերապատվելիին տասնևիններորդ դարը կպահանջե նե՝ թո՛ղ վերապատվելի տնօրենը մեր տասնևիններորդ դարեն բարև տանի իր տասնևիններորդ դարուն ըսելով՝ թե՝ մարդկությունը ձեռքե չձգե և թե այսպիսի պահանջում մը խղճի և կրոնի ազատության դեմ ըլլալով հայոց տասնևիններորդ դարը խստիվ կը դատապարտե զայն։

Կը հուսանք, որ վերապատվելիի՝ն տասնևիններորդ դարը համոզվելով՝ բարտոն մը կըսե և մեր տասնևիններորդ դարուն հետ կը հաշտվի։ Իսկ եթե չհաջտվի՝ ըսել պիտի ըլլա, թե վերապատվելի տնօրենը կրոնքի մասին պակասություն ունենալուն՝ հայ տղայոց կրոնքն առնելով կը փափագի յուր պակասը լեցնելու։ Եթե վերապատվելի տնօրենը ըղեղի պակասություն ունենար՝ իր այդ պակասը լեցնելու համար պետք եղած միջոցներու կը դիմեինք, բայց որովհետև իրեն հանձնված հայ զավակաց կրոնքը կուզե հափշտակել, պարտք կը համարինք իրեն հիշեցնել, որ հայք հարստությունին, ստացվածքնին և կյանքերնին կուտան, բայց կրոնքնին չեն տար։

Այս տողերը հիշյալ քարուկիրին մեջ զավակ ունեցող ծնողաց ուշադրությանը հանձնելով կը լռենք, եթե հարկ ըլլա՝ վերստին խոսելու խոստմամբ.

Չբարկանանք վերապատվելի տնօրեն, բարտոն: