Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/359

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչպես կըլլա, որ այս շապիկդ նոր շապիկեդ շինված ըլլա և նոր շապիկդ ալ առանց վնասվելու կեցած ըլլա։

Մեր նախնիք, կըսեր ուրիշ մը, գրաբար կր խոսեին։

Ես շիտակը չկրցա մեր նախնյաց հետ խոսիլ այս նյութին վրա, բայց դարձյալ կը հարցնեմ, եթե մեր նախնիք գրաբար կը խոսեին, աշխարհաբարը ուսկի՞ց առինք, հաջո՞րդ սերունդեն...։

Ուրիշ մալ կըսեր, թե՝ աշխարհաբարին մեջ կը, կոր, նե-ները մեր ազգին հետադիմության պատճառ եղան, թե որ այդ կը, կոր, նն-ները չըլլային նե՝ ազգային գործերը այս վիճակին չէին հասներ։ Երեսփոխանական ժողովին մեջ անհամաձայնություն չէր ծագեր, Քաղաքական ժողովը չէր իյնար, բոլոր այդ կը, կոր, նե ներուն գլխուն տակեն է մեր ազգին քաշածը։ Բավ է բավ, կը պոռար, հերիք է այդ կը, կոր, նե ներուն ձեռքեն քաշածնիս, կտրենք այդ կը, կոր, նե ները, դուրս նետենք գրագիտության թշնամի այդ կը, կոր, նե ները. այո՛, մեր բոլոր ուժովը դուրս վռնտենք զանոնք և ըսենք, ով կը, կոր, նե-ներ, դուք, որ մեր բառերուն սկիզբը և վերջը գրվելով զանոնք կը նեղեք, ճնշում կը բանեցնեք այդ բառերուն վրա, և փախչելու ճամբա թող չեք տար, ո՜վ կը, կոր, նեներ, պետք է, որ դուք դուրս ելնեք մեր աշխարհաբարեն, որպեսզի այդ աշխարհաբարը առանց ճնշումի դռնփակ նիստ ընե..։

Կը, կոր, նե ներուն եղած այս հալածումը տեսնելով դուրս ելա։

Վերջեն առած տեղեկություններուս նայելով ժողովն այս նիստին մեջ ալ չէ կրցեր որոշել, թե գրաբարը նախակրթարանի՞ն մեջ սկսելու է ավանդվիլ չէ նե՝ ուսումնարանին մեջ։

Պետք է հիշել հոս, որ Քրիստոստուր էֆենտին այս ժողովին ալ անդամ է։