Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/364

Այս էջը սրբագրված է

ԱՅՑԵԼՈԻԹՅՈԻՆ ՄԸ Ի ԽԱՍ ԳՅՈՒՂ

Անցյալ շաբթու քանի մը վարդապետ և եպիսկոպոս Խասգյուղ գերապատիվ Ներսես սրբազանին տունը կերթան․ դռնեն մտնելնուն պես կսկսին շողոքորթել նորին սրբազնությունը։

Այս անգամ հիշյալ եկեղեցականաց անուններուն տեղ Ա․ Բ․ Գ․ Դ. տառերը գործածելով՝ խոսակցությունին հոս կը դնենք։

Ա. Երեկ ձեր սրբազնության վրա խոսք մը եղավ տեղ մը, և ամենքը ըսին, թե՝ նորին սրբազնությունը անպատճառ Պատրիարք ըլլալու է։

Բ. Շիտակը խոսելով ձեր սրբազնութենեն ավելի արժանավոր մեկը չկա պատրիարքության, եթե ձեր սրբազնությունը հաճի պատրիարք ըլլալեն ետքը իմ նվաստությունս տեղ մը առաջնորդ ղրկել։

Գ․ Եղբայր, նորին սրբազնությունը անանկ հատկություններ ունի, որ այդ հատկություններով ամենուս ալ մեյմեկ պաշտոն կրնա տալ։

Դ. Շիտակը հիմա նորին սրբազնության երեսին ըսել չըլլա, ամեն տեղ զինքը գոված եմ, գովելու ալ իրավունք ունիմ։

(Ներսես եպիսկոպոսը ոտք կելնե)

Ա․ Տեսա՞ք, նորին սրբազնությունը ինչպես կը քալե կոր։

Խրիմյանը տեղեն չշարժիր։

(Ներսես եպիսկոպոսը կը ծիծաղի)

Բ․ Տեսա՞ք, նորին սրբազնությունը ինչպես կը խնդա կոր, Խրիմյանը օր մը օրանց խնդացած չունի, չխնդացող մեկը կրնա Պատրիարք ըլլալ․ Պատրիարքության առաջին պայմաններեն մեկն է խնդալը։

Գ․ Նորին սրբազնությունը պետք է այսօր Պատրիարք ընել։

Ներսես Սրբազան — (քմծիծաղով) Շնորհակալ եմ ձեր իմ վրա այս օրվան ցույց տված համակրութենեն, բայց կը ցավիմ, որ իմ անձնական տկարությունս չպիտի կրնա ձեր փափագը հագեցնել․