Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/365

Այս էջը սրբագրված է

ուստի, ի դիմաց իմ անձնական տկարությանս ներումն կը խնդրեմ ձեր այսօրվան համակրութենեն և կը խրատեմ զձեզ, որ լավ կընեք, եթե ասանկ խնդիրներու մեջ պարագլուխ չըլլաք, որովհետև մենք միության և սիրո քարոզիչ ըլլալով՝ ազգին մեջ երկպառություն ձգելե զգուշանալու ենք։

Ա․ Բայց դուք բարի մարդ եք։
Բ. Դուք ազգասեր եք։
Գ. Դուք ազնիվ սիրտ մը ունիք։
Դ. Դուք ուսումնական եք։
Ե․ Դուք ֆրանսերեն գիտեք։
Զ. Դուք գերմաներեն գիտեք։

Ներսես եպիսկոպոս. Գերմաներեն չեմ գիտեր։

Ա. Ի՞նչպես չեք գիտեր, բեք աղեկ գիտեք, բայց ձեզի անանկ ըսել կը վայելե։

Բ․ Չգիտնաք նե ալ մեզի պզտիկ չձգելու համար անպատճառ գիտնալու եք։

Գ. Մեր խնդիրքը մերժելու չեք։

Դ. Դուք Պատրիարք ըլլալու արժանի եպիսկոպոս մեք, եթե դուք չեք ուզեր ըլլալ գոնե զիս ընելու աշխատեցե՛ք։

Ներսես եպիսկոպոս. Ասանկ պարագաներու մեջ մենք լուռ կենալու ենք, եթե ազգը իրոք կը սիրենք։ Դարձյալ կը խրատեմ զձեզ, որ ասանկ բաներու չխառնվիք և ազգը ազատ թողուք, որ իր ուզածը Պատրիարք ընե։

Այս խոսքերուն վրա հիշյալ եկեղեցականները կը ցրվին. Ներսես եպիսկոպոսն ալ մինակ մնալով ամենայն ազատությամբ կսկսի խնդալ։