Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/366

Այս էջը սրբագրված է

ՈՐՈ՞ՒՆ ՀԱՎԱՏԱՆՔ

Սիոնի սեպտեմբեր ամսո թերթին մեջ «Որո՞ւն հավատանք»ով մակագրյալ և «Մեկու մալ չհավատանք»ով ստորագրյալ հոդված մը կարդացինք։

Սիոնի որդիք կը փափագին եղեր տեղվույս ազգային լրագիրներեն ճչմարիտ լուր մը առնել ազգային ներկա դեպքերուն վրա։

Մեծ է ձեր պահանջումը ո՜վ որդիքդ Սիոնի, մենք, հոս գտնվելովնիս ճշմարիտ լուր մը չենք կրնար կոր առնել նե՝ ի՞նչպես կուզեք, որ այնչափ հեռվեն կարենաք առնել ինչ որ մենք հոս չենք կրնար կոր առնել։

Խիկար իմաստունն ալ ատենոք մեր արդի վիճակին մեջ գտնվեր է կըսեն։

Կը պատմվի, թե օր մը այս իմաստունին, որուն անունը կա և ինքը չկա, կռնակը կը քերվի, իսկույն մեծ աղջիկը կը կանչե ու կը հարցնե․

— Սա կռնակս նայե ի՞նչ կա։

— Բան մալ չկա, հայրիկ, քիչ մը կարմրեր է կը պատասխանե մեծ աղջիկը։

Խիկար իմաստունը ասով գոհ չըլլալով՝ կրտսերը կը կանչե ու անոր ալ կը հարցնե․

— Ո՜վ Աստված իմ, աս ի՞նչ մեծ վերք է, կըսե կրտսերը, թե որ ասոր առաջքը չառնվի վաղը բոլոր մարմնույդ վրա պիտի տարածվի։

Իմաստունը այս պատասխանով ալ չբավականանալով միջինը կը կանչե ու կը հարցնե․

— Վնասակար բան մը չէ, բայց օգտակար ալ չէ, կը պատասխանե միջինը։

Ասոր վրա Խիկար իմաստունը մորուքը ձեռքը կառնե և կըսե.

— Կռնակես մինչև ականջս ճշմարիտ լուր մը չկրցի առնել: