Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/372

Այս էջը սրբագրված է

— Չե՞ս ամչնար դուն։

— Մեզի անանկ բան մը հրամայված չէ։

— Չե՞ս խպնիր դուն։

— Ծանուցման տողը երեք ղուրուշ է։

— Չե՞ս կարմրիր ասանկ խոսքեր ըրած ատենդ:

— Միթե մարդս խոսած ատեն կը կարմրի՞։ Հրամանքնիդ օղի մը կը հրամմե՞ք...։

Երազը գազանի կը փոխվի և կսպառնա Խոճասարյանին։ Խոճասարյանը վախով կարթննա։ Երազը կը մեկնի։

Երազը Թադեոս եպիսկոպոսին քնույն մեջ կերևա գնչուհիի մը կերպարանքով։

— Մատնիիս կեսը գտա՞ր կը հարցնե նորին սրբազնությունը։

— Այո՛, գտա։

— Քանի որ դուն կորսվածները կը գտնաս, ըսել է որ ըլլալիքներն ալ կրնաս գուշակել։ Գուշակե նայիմ, ի՞նչ պիտի ըլլամ ես։

— Քիչ օրեն Պատրիարք պիտի ըլլաս դուն։

— Ի՞նչ կըսես, ձի հեծած Բարձրագույն Դուռը պիտի երթա՞մ։

— Այո՛։

— Բազմությունը ետևես կեցցե՛ Թադեոս սրբազան պիտի պոռա՞։

— Այո՛, այո՛։

— էյ, ես ի՞նչ պիտի պատասխանեմ իրենց։

— Շնորհակալ եմ պիտի ըսես։

— Երկու ձիով, չորս անիվով կառքին մեջ նստած պիտի պտըտի՞մ։

— Հրամմեր ես։

— Հապա կառավարը վարպետ չըլլա տե, ձիերը փախցունե նե։ Չէ՛, չէ՛, մինչ որ ազգը զույգ մը հանդարտ ձի ծախու չառնե նե՝ ես Պատրիարք չեմ ըլլար։

— Ինձի հրաման տվե՛ք, որ երթամ։

— Աստված սիրես նե՝ մի երթար, քիչ մալ նստե։

Երազը կը թռի։ Թադեոս սրբազանն այս երազը շուտ փախցնելուն համար կը տրտմի։

Երազը Հիպնոսի բնակարանը կերթա և Հիպնոսը կարթնցնե. իսկ Մորփեոս մեկոնները այնչափ առատորեն սփռած էր երեսփոխանաց վրա, որ դեռ չեն կրցած արթննալ։

Զարմանա՜լի բան.., քնո աստվածը կարթննա և դեռ մեր երեսփոխան էֆենտիները կը քնանան։

Չարթի՛ք, փառք իմ, զարթի՛ք...։