Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/376

Այս էջը սրբագրված է

ԵԿՈԻ ՏԵ ՄԻ՛ ԽՆԴԱՐ

Շատերը այնպես հավտալով, թե խնդալը մարդուս ձեռջն է և թե ուզե նե կը խնդա չուզե նե չխնդար, իմ խնդալու իրավունքս սեղմել կուզեն ու կըսեն.

— Մի՛ խնդար։

Եթե չխնդալը ձեռքս ըլլար ո՞վ կը խնդար, խնդացնող մը կա հարկավ, որ ես ալ կը խնդամ կոր. իմ խնդալուս համար է որ զձեզ կը խնդացնեմ կոր։

Օրագիր յուր շաբաթ ավուր թերթով հետևյալ հայտարարությունը կընե։

«Պատրաստվեցե՛ք, ատենապետ էֆենտիներ, ասկե վերջը Օրագիր ձեզի պիտի հարվածե։ Ինչո՞ւ համար դուք տերության չմտանեցիք երեսփոխանությունը բռնաբարողները, և ազգամոլությամբ թող տվիք, որ դռները բռնադատեն և այլն»։

Ինչո՞ւ համար ասկեց առաջ չհարվածեց և ասկե վերջը պիտի հարվածե։

Հայտնի է, որովհետև ասկեց առաջ Պատրիարք կար զայն հարվածեց. հիմա, որ Պատրիարքը հրաժարեցավ նե Օրագիրը ձեռքերը կապե նստի՞։

Օրագիր հարվածելու մարդ մը կուզե, այդ մարդը ո՛վ ըլլա նե՝ թո՛ղ ըլլա. ասիկա ճիշտ Մոլիերի բժիշկներուն բռնած ընթացքին կը նմանին, անոնք ալ այսպես կըսեին։

— Ինձի հիվանդ մը պետք է բժշկելու, պետք է որ այդ հիվանդը գտնաս և թե որ չգտնաս՝ գիտցած եղիր, որ անոր տեղը քեզ կը բժշկեմ։

Բայց մարդը հիվանդ չէ եղեր, բժշկին հոգն է, անոր մարդ պետք է, որ բժշկե. բայց ատենապետները ինչպես նաև Պատրիարքը, անմեղ են եղեր, Օրագրի հո՞գն է, անիկա լրագիր մ՝է, հարվածելու մարդ կուղե. թո՛ղ ատենապետները ուրիշ մարդ մը ցցունեն և իրենք ազատին․․․։

Եկու տե մի՞ խնդար նայիմ։