Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/386

Այս էջը սրբագրված է

Երբ դերասանուհի մը կուրծքը, թևերը բաց, երեսը ճերմակ ու կարմիր քսած, աչվըներուն սև քաշած, մազերը վեր առած, թևերը բազկատարած յուր սիրահարին առջև ծունր իջած «Կը սիրեմ զքեզ» կըսե նե՝ ես կրթություն առած կըլլամ, ե՞ս զվարճացած կըլլամ, թե այդ զույգ մը սիրահարյալները[1]։ Ձեզի պիտի կրթենք կըսեն, մինչդեռ իրենք կրթության պետք ունին. ձեզի պիտի զվարճացնենք կըսեն և իրենք կը զվարճանան։

Զարմանալին հոն է, որ սիրահարություն ընող դերասանին ու դերասանուհվույն ծնողքն ալ հոն ներկա կը գտնվին ու բերաննին բանալով խոսք մը չեն ըներ, վնաս չունի կըսեն, քանի որ թատերաբեմին վրա է։

Այս ծնողաց անտարբերութենեն սա վնասը պիտի ծագի, որ Պոլսո մեջ սիրահարություն ընել ուզող և յուր ընտանիքեն վախցող ո՞րչափ մանչ ու աղջիկ կա նե՝ ասկեց վերջը ամառ կամ ձմեռ թատրոն պիտի երթան ու թատերաբեմին վրա սիրահարություն պիտի ընեն։

Տեղը փոխվի նե՝ սերը շինծու կըլլա եղեր.․․։

Բայց այդ շինծու սիրահարության մեջ ճշմարիտ սերը պահվըտած է, պիտի ըսեն մեզ դերասանապետք։

Ատ ուրիշ խնդիր, ասոր ըսելիք չունինք։ Քաջալերեցե՞ք ուրեմն ասոնք հայեր, ուրիշներուն անկրթությունը տեսնելը կրթության մոտենալ ըսել է, ուրիշներուն զվարճության ներկա գտնվիլը զվարճությանց ամենեն անմեղն է, գացեք և երբ տեսնաք, որ բարոյականության դեմ ներկայացում մը կուտան, շուտ մը ինձի եկեք։

Հիմակուհիմա հոն գացեք։

  1. Թատերաբեմի վրա։