Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/391

Այս էջը սրբագրված է

Կը պատասխանենք.

Մենք երբեք մեղա ըսած չենք նորին եպիսկոպոսության և ըսելու ալ պարտավոր չենք, որովհետև հանցանք մը գործած չենք։ Ով որ ճշմարտություն մը խոսած ըլլալուն վրա կը զղջա և մեղա կըսե, վատությունը ընդունելու համար ուխտ ըրած կըլլա Աստուծո առջև։ Մամուլը ըրավ զայս Խորեն եպիսկոպոսին մեղա ըսելով։ Մեղու Մամուլ չէ։ Այսպիսի պարագայի մը մեջ Խորեն եպիսկոպոսին առջև խոնարհիչը՝ Աստուծո դեմ ապստամբիլ ըսել է։

Նորին եպիսկոպոսությունը բավական ժամանակ առանց դատի Մեղուի խափանումը խնդրելեն ետքը տեսնելով, որ բարեխնամ կառավարությունը ինչպես աղքատը, նույնպես հարուստը, ինչպես աշխարհականը, նույնպես և կրոնավորը միևնույն օրենքով կը դատե, և թե առանց դատի ոևէ մեկու մը պատժվիլը չուզեր, վայրկյան մը ետ քաշվեցավ և քանի մօրեն ետքը ծանր առաջարկություն մը ըրավ մեզ մեկու մը ձեռոք. և երբ տեսավ, որ այս առաջարկությունն ալ մերժվեցավ մեր կողմեն, ան ատեն թողուց մեր օձիքը։ Կը կրկնենք, մենք նորին սրբազնության մեղա ըսած չենք, թերևս նորին սրբազնությունը օր մը մեզի մեղա ըսե, զմեզ ամբողջ չորս ամիս չարչարելուն համար։

Մամուլ այս մեղան հիշելով կավելցնե, թե մենք Պեշիկթաշի թաղեցվոց ընտանեկան պատվույն դպած ենք եղեր։

Մամուլ այս խոսքը ո՛չ թե չարամտությամբ այլ տգիտությամբ կընե, որովհետև ասանկ բան մը տգետ մը միայն կրնա հղանալ և հրապարակավ արտասանել։ Այս մասին ժամանակին խոսած ըլլալնուս հիմա ալ խոսիլը ավելորդ կը համարինք։ Մամուլի խենթության մյուս նշանները չափե դուրս են. ամեն մոլություն Մեղուին վրա կը բեռնավորե և ամեն առաքինություն յուր վրա։

Երեսուն բաժանորդ ունինք եղեր մենք, և անով չկրնալով մեր սնունդը ճարել, մեկ հոգիին գործիք եղած ենք եղեր և որբերուն ստակովը կապրինք եղեր, մենք ժանտախտ ենք եղեր։

Զարմանալի՜ տրամաբան... իրեն շատ բաժանորդ ունենալեն ժողովրդյան մեծագույն մասին մոլությունն ու տգիտությունը հետևցնելու տեղ, մեր քիչ բաժանորդ ունենալեն մեր տգիտությունը կը հետևցնե։ Հեյալ գացողներուն շատվոր ըլլալեն ժողովրդյան բարոյականության զեղծումը հետևցնելու տեղ թատրոն գտցողներուն քիչվոր ըլլալեն թատրոնին բարոյականության զեղծումը կը հետևցնե։