Ի ԾՈՒՆՐ
Ի ծունր ի ծունր իջեք ընթերցո՜ղք, բազկատարած աղոթեցե՜ք Աստուծո...։
— Ի՞նչ կա։
— Մեծ վտանգ մը, բայց մի վախնաք թերևս առաջքը առնվի։
Փունջ՝ չորեքշաբթի ավուր թվով քաղաքական խորհրդածություն մը ընելով՝ բարձրաձայն կաղաղկե, թե աշխարհս ե՛տ ե՛տ պիտի երթա։
— Ինչո՞ւ համար։
— Պատճառը դեռ չգիտցվիր, միայն թե աշխարհը ետ ե՛տ պիտի երթա եղեր։
— Մեզի՞ ալ ե՛տ ե՛տ պիտի տանի։
— Այս կետը չլուսաբաներ Փունջ, որովհետև քաղաքականության հորիզոնին վրա թանձր մառախուղ մը ըլլալուն՝ Փունջի խմբագիրը հարբուխ եղեր՝ և հորիզոնին վրա շատ չէ կրցեր նայիլ։
— Բայց ինչո՞ւ համար ե՛տ ե՜տ պիտի երթա։
— Առաջ երթալու տեղ չկա նե՝ ո՞ւր երթա։
— Փո՞ւնջն ալ ե՜տ ե՜տ պիտի երթա։
— Արդեն Փունջը ետ գացած ըլլալուն՝ աշխարհն ալ Փունջը գտնալու համար ե՜տ ե՜տ պիտի երթա։
— Աշխարհը ե՜տ ե՜տ երթալուն՝ Փունջթ քիչ մը առաջ գա նե չը՞լլար։
— Պարապ խոսքեր մընեք Աստվածնիդ սիրեր... ի ծունր իջեք և աղոթեցեք թե՜ աշխարհին համար և թե՜ Փունջին համար։