Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/400

Այս էջը սրբագրված է

— Այս կշիռները աղեկ են, ասոնցմով կշռեցեք։

Ասոնք ալ մեզի տրված կշիռը այս է, և այս կշիռը աղեկ է ըսելով ամեն բան իրենց կշիռովը կը կշռեն։

Հանցանքը որո՞ւ է հիմա, ասոնց, թե բնության։

Հայտնի է, որ բնությանն է, որովհետև ասոնք կրնան ինքզինքնին արդարացնել սա պես ըսելով․

— Մեզմե ի՞նչ կուզեք, բնության մեզի տվածը աս է, մեզի ըսած է, որ այս կշիռները աղեկ են․ արդ, եթե այդ կշիռները աղեկ չեն, գացեք բնության դեմ բողոքեցե՞ք, մեզմե ի՞նչ կուզեք, մենք բնության ծառաներն ենք․․․։

Եթե պաղ արյամբ խորհինք, եթե Ծրագրեն հրաման առնելով քիչ մը տրամաբանորեն քննենք խնդիրք՝ պիտի տեսնենք, որ այդ մարդիկ իրավունք ունին։ Ուստի, պահ մը թողունք ասոնց օձիքը և բնության օձիքեն բռնենք։

Ո՜վ բնություն, այդ պակաս կշիռները ատոնց տված ատենդ ինչո՞ւ համար անոնց պակաս ըլլալն ալ չես հայտներ իրենց։

Միթե քու այս աչառությանդ պատճառավ չէ՞ որ տգետները՝ տգետ ըլլալնին չեն դիտեր, իմաստակները՝ իմաստակություննին չեն հասկնար, թեթևամիտները՝ թեթևություննին իրենց տրված պակաս կշիռով կշռելով ինքզինքնին ծանր կը կարծեն, միթե այդ աչառությանդ պատճառավ չէ՞ որ, ամեն մարդ ինքզինք խելացի կը կարծե։

Վերջապես ընթերցող, կամա ակամա պետք է ընդունինք սա ցավալի ճշմարտությունը, թե մարդս ամեն բան կը կշռե բացի իրմե․․․։

Ո՜վ բնություն, ինչո՞ւ Մամուլին չես ըսեր, որ քեզի տված կշիռս պակաս է․ եթե այս ըսեիր՝ ո՛չ Մամուլը այսօր այսպես ծաղու ենթակա կըլլար, ո՛չ ալ իմ ընթերցողներս Մամուլի վրա կը խնդային։

Մամուլ լեզու ունի և կը կարծե, թե կը խոսի, իբր թե համրերը լեզու չունենային։ Խոսիլ չսորվողին ի՞նչ ընե լեզուն, գրել չգիտցողին ի՞նչ ընեն բառերը։

Մամուլ չորեքշաբթի ավուր թերթին մեջ շատ մը բառեր քովե քով դնելով կարծեր է թե խոսեր է, և խոսած ըլլալուն մեծ ապացույցն ալ բառերուն քովե քով գրվիլն է եղեր․․․ եթե թվաբանության հետևելով բառերը տակե տակ դներ ու գումարեր, ավելի աղեկ կըլլար, աշխարհիս վրա որչափ զրո կա նե՝ ամենն ալ գծին տակը կուգային և երկայն շղթա մը կը կազմեին։