Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/409

Այս էջը սրբագրված է

ինչպես նաև ամբողջ հոդվածեն. ուստի, այդ կետը պարզենք, կետ որ մեր խնդրույն ոգին է։

Եթե Մաղաքյանը Արևելյան թատրոնի տնօրեն եղած օրեն չսկսեր ան ու աս իրեն թև թիկունք առած Վարդովյանը տապալելու աշխատիլ, եթե Մաղաքյանը այն օրեն չսկսեր հայ դերասանաց իրավունքը առաթուր կոխելով՝ հռովմեական հայոց դերասանները շողոքորթելու, եթե Մաղաքյանը ուղղակի հայ թատերագրաց և թարգմանչաց քրտինքը ուրանալով ամբողջ հայ հասարակությունը անբանի տեղ չդներ, եթե Մաղաքյանը՝ Արևելյան թատրոն ըսելով միմիայն Մաղաքյան չիմանար, և հայ թատրերգություն ըսելով միմիայն իր խումբը չճանչնար և լրագրաց մեջ միշտ յուր անունը մինչև երկինք չբարձրացուներ՝ մենք ալ այն ատեն զինք դերասանության արև չէինք անվաներ։

Մենք կը փափագեինք, ինչպես նաև կը փափագինք, որ երկու վարչություններն իրարու հետ մրցին իրենց ասպարիզին մեջ, իրարու հաղթեն քաջությամբ և ո՛չ թե վատությամբ, իրարու փառքը հափշտակեն ուժով և ո՜չ գողությամբ, և բնավ մեր մտքեն չէր անցած, որ Մաղաքյան՝ Վարդովյանը տապալելու ցնորքով ըրածներուն ու հրատարակել տված հայտարարություններուն ուշ չպիտի դներ։

Մաղաքյան տարեդարձի հայտարարության մեջ դերասանաց անունները հիշած ատեն ինչպե՞ս կը հանդգնի թատրոնի կործանիչ էքշյանին անունը հիշելու և թատրոնի վերականգնիչ Վարդովյանի անունը դուրս ձգելու։ Եթե ըսվի, թե Վարդովյանը ան ատեն չկար, կը հարցունենք, ինչպե՞ս կը հանդգնի երկու երեք տարվան դերասան Ադամյանը հիշելու։ Միթե այդ հայտարարությունը հայ դերասանաց դեմ ատելություն մը չհ այտնե՞ր։

Կը խնդրեմ թո՜ղ պատասխան տան ինձ, «Բիեր Տարեցցոյի» գիշեր Արևելյան թատրոնին մեջ, Մեղուի չորեքշաբթի ավուր հրատարակության դեմ բարկացող քանի մը հռովմեա կան ազգայինք, եթե օր մը Վարդովյան՝ թատրերգություն գրողներուն և թարգմանողներուն անունները հիշած ատեն՝ հինգ վեց հատ հայու անուն հիշելեն ետքը բարեհիշատակ Պեշիկթաշլյանը միայն դներ նե՝ Հեքիմյանի, Թերզյանի, Թղլյանի թափած քրտինքը ուրացած չէր ըլլար, և կամ ավելի ևս ուրացած ըլլալ չէ՞ր կարծեր, և այդ հրատարակությամբը Հեքիմյանի, Թերզյանի, Թղլյանի դեմ ատելություն մը ունեցած ըլլալը հայտնած չպիտի՞ ըլլար, և այս ատելությունը հրապարակավ եղած ատենը մասնավորեն մինչև ընդհանուր չտարածի՞ր: