Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/411

Այս էջը սրբագրված է

Ասկեց զատ, Մաղաքյանը տասնևհինգ տարիե ի վեր դերասանության մեջ գտնվելով այդ տարիներու մեջ միտքը չէր եկած հայ դերասանության տարեդարձը կատարել Վարդովյանի վարչության տակ, Արևելյան թատրոնը մտնելուն պես միտքը եկավ և կատարեց առանց հայ դերասանները հրավիրելու, որք իրեն չափ և թերևս իրմե ավելի իրավունք ունեին կատարելու այդ տարեդարձը: Ի՞նչ կը նշանակե արդարն իրավունքե զրկել, ի՞նչ կը նշանակե ուրիշի իրավունքը կապտել։ Ի՞նչ ոգիե առաջ եկած են ուրեմն այս ամենը, ինչ կը հայտնեն, ատելությո՞ւն, թե սեր հայոց համար։ Ընթերցողը թո՜ղ դատեն։

Հասկցա՞ր հիմա, հայհոյիչ զվարճախոս, թե ինչ կը նշանակե եղեր դերասանության արևը։ Դո՜ւ սրճարանաց պուետ․ դու, փոխանակ մարդկությամբ խոսելու, ինձի դեմ հայհոյեցիր, կարծելով թե հայհոյությանըդ թիկունք պիտի դարձնեմ, հանդգնեցար ճարտասանական ձևով մը շուն կոչելու զիս։ Ապրիս։

Կընդունիմ, շուն մեմ, ըսելիք մնա՞ց, եթե կը հաճիս, գամփռ մեմ, շուներու հավաքածո մեմ, որ գայլերուն ետևեն կը պնդիմ և հալած ական կը վանեմ։

է՜հ, պարոն, այդ պիղծ լեզվով խոսելեդ ետքը բավական պինդ պիտի ըլլա երեսի կաշիդ, հոգ չէ՜, այդ երեսիդ կաշին որ խաղախորդին խանութեն ալ առած ըլլաս՝ գիտցիր, որ ես կարող եմ զայն բարկցնել, որովհետև անոր բաղադրության մեջ մեծ մաս մը ունիմ քանի որ շուն մեմ։ Չեմ հայհոյեր, բայց երբ մեկը հայհոյե ինձ, դարձյալ ուրիշ հայհոյություն չեմ ըներ, այլ ինձ ուղղված հայհոյութենեն հայհոյիչին ինչ տեսակ մարդ ըլլալը կը հաստատեմ։ Սորվե, գաճաճդ ըմբի՜շ, հայհոյությունը այնպիսի տկար զենք մէ, որ զինք կրողին տկար ըլլալը կը հայտնե։ Այդպիսի զենք մը զինք գործածողին վնասակար և թշնամվույն շահավոր է։ Եթե այդ զենքով պիտի պաշտպանես Մաղաքյանի վարչությունը՝ իմաց տուր, որ անոր դամբանականը հիմակվնե պատրաստենք։