Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/412

Այս էջը սրբագրված է

ՎԵՐՋԻՆ ՄՈՏԱ

Վերջապես սա իգական սեռին հետ չկրցինք գլուխ եյնել. գնաց։ Ինչ որ ըսես, ինչ որ գրես, անոնք իրենց գիտցածեն մազի չափ չեն շեղիր։

Ինքզինքնին մոտայի տված, ամեն օր մեյմեկ կերպարանքով կերևնան, օր մը էրիկ մարդու կերպարանքով, օր մը սատանայի կերպարանքով, օր մը Հրեշտակի կերպարանքով և երբեք կնկան մը կերպարանքով։

Կանանց հագուստին այս փոփոխությունը անոնց սրտին փոփոխության մեկ նշանը կը համարիմ ես։

Այս օրերս նոր մոտա մը հնարած են, չեպքեն մը կը հագնին կոր, որուն թևերը գետինը կը քսվի կոր։ Շատ հավանական է, որ քիչ օրեն մեյմեկ բոթուր հագնինք գլուխնուն մեյմեկ ֆես՝ մեջքերնին ալ ատրճանակ մը դնեն և այնպես սկսին պտըտիլ։

Հիմակու հիմա ատրճանակ չգտնելնուն՝ մեյմեկ հովանոց կը կախեն կոր մեջքերնեն, որպեսզի մեջքերնին արևեն չսևնա։

Այս գեղեցիկ սեռը ինքզինքը ա՛լ ավելի գեղեցիկ ցույց տալու համար, եթե հնար ըլլար՝ քիթերնին պիտի կտրեին, որ երեսնին ավելի աղվոր ըլլա։

Բայց մենք թողունք ասոնք և չեպքեն-ի ինչպես գտնվելուն վրա խոսինք։

Ասկից ամիս ու կես առաջ մարդուն մեկը իր կնկանը հետ անձրևի բռնված ըլլալով՝ քովերնին գտնվող արնավուտի մը չեպքենթ կուզե և կնկանը կը հագցունե։

Կնիկը այդ կերպարանքով տունը գացած ատենը իր բարեկամուհիներեն մեկ քանին տեսնելով, որ չեպքեն հագած է, և ասիկա նոր մոտա մը կարծելով՝ իրիկունը իրենց էրիկներուն կաղաչեն, որ ստակ տա իրենց, որպեսզի մեյմեկ չեպքեն շինել տան։

Կի հաջողին և երկու օր ետքը իրենց բարեկամուհիին կերթան։