Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/414

Այս էջը սրբագրված է

ՀԱՅՀՈՅԻՉ ԶՎԱՐՃԱԽՈՍԸ

Արևելյան թատրոնի ո՛չ վկայագրյալ փաստաբան Հակոբ աղբար Հաճյանը այս անգամ ամբողջ ստորագրոլթյամբը Մամուլի մեջ պառկելով՝ յուր սրճարանային երգիծաբանությունը լրագրական ասպարեզ կը փոխադրե։

Ահա Հաճյան և ահա յուր զվարճախոսությունը, ահա մարդն և յուր ապրանքը, զինք չճանչցողներ կան նե թող ճանչնան և ամչնան։

Խեղճ Ակոբիկ, դու որ սրճարաններու մեջ կը պարծենաս եղեր մինչև հիմա, թե Մամուլի մեջ գտնված աղվոր հոդվածները իմս են, դու որ տգետներու քով համբավ ստացեր էիր սրճարաններու մեջ, ինչո՞ւ ասանկ հրապարակ ելար և խայտառակվեցար, և սրճարանաց մեջ վաստկած համբավդ հրապարակի վրա կորսնցուցիր։

Ա՛լ իմ ձեռքս ես Հաճյան աղբար. ուզածիս պես կզբոսնում քեզի հետ, ինչպես թագավոր մը յուր գաճաճին հետ, ինչպես տղա մը յուր խաղալիքին հետ։

Թո՛ղ ընթերցողը չզարմանան ասանկ տգետի մը կարևորություն տալով հրապարակի վրա խայտառակելնուս համար. այսպես վարվելու իրավունք ունինք, որովհետև ասանկներու դեմ լռություն պահելը զանոնք քաջալերել ըսել է։ Կուզես մեկու չափը ճանչցնել, խոսել տո՞ւր զինքը հրապարակի վրա։ Եվ մենք ալ Հաճյանը խոսիլ պիտի տանք, որ իր վճիռը ինք իր բերնովը տա։

Այս գաճաճ զվարճախոսը Շիշմանյանի դեմ ըրած հայհոյությունը հերքելու համար կըսե, թե ես նմանություն մը ըրի, Շիշմանյանը չունի նմանցուցի, Խորեն սրբազանն ալ թրամվեյի, և այս հետևությամբ, կըսե. Շիշմանյանը շուն կըլլա նե՝ Խորեն սրբազանն ալ թրամվեյ կ՝ըլլա։

Հաճյան աղբարը կուզե եղեր, որ Խորեն սրբազանը թրամվեյի պես կառք մը ըլլա, չորս անիվ ունենա, պատուհաններ ունենա,