Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/416

Այս էջը սրբագրված է

Մեր վկայագրյալ հայհոյիչը այս անգամ խնդիրը մեկդի թողեր՝ զինքը կը պաշտպանե և մենք, որ իր հոդվածին կետ առ կետ պատասխանած էինք, իր հաշվովը մեկ բառին անգամ պատասխանած չենք եղեր։

Խեղճը կերևի թե լրագրաց մեջ կարդացած ըլլալով սա խոսքը, թե այս ինչին դրածը մեզի պատասխան չէ, այնպես կարծեր է, որ ամեն հոդվածին մեջ այդ խոսքը դնելը օրենք է։ Սխալեր է ողորմելին, ուստի, յուր սխալմունքը շտկելու համար կը հրավիրենք զինք, որ մեր հոդվածը ուրիշի մը բացատրել տա և հասկնա, և թե որ դուրս ձգված կետ մը կա նե՝ իմացնե մեզ, որ անոր ալ պատասխանը տանք։

Ինքը մեր հոդվածին պատասխանած չէ։ Մաղաքյանի գործած մեքենայությունները և մոլեռանդ հայտարարությունները զորս ցցուցած էինք, ամբողջ կլլեր է Հաճյան աղբարը, և լռություն պահելով կերպով մը ըսածներուն հաստատություն տվեր է։ Բարկությունը չկրնալով զսպել, սրտին թույնը դուրս է թափեր և ըսեր է.

«Վարդովյանի թատրոնը հայու թատրոն չէ, օսմանիյե է»։

Խնդրույն վրա ա՞յսչափ խոսեր է ահա, բայց այսչափն ալ բավական է մեզ, որովհետև այդ խոսքով մեր բոլոր լսածները կը հաստատվին։

Արդ, մենք ալ իրեն կիմացունենք, որ Վարդովյանի թատրոնը հայու թատրոն է, ինչ որ ալ ըլլա անունը, Վարդովյանի թատրոնն է, որ ամեն տարի հիվանդանոցի, դպրոցներու և ուրիշներու ի նպաստ ներկայացումներ կուտա, իսկ Մաղաքյանի խումբը հայոց իրավունքը հափշտակող, հայ դերասանաց իրավունքն բռնաբարող խումբ մէ։

Արմենակ Հայկունիին ոսկերքը զերեզմանեն կը բողոքեն Մաղաքյանի հայտարարությանց դեմ։

Ամեն մարդ գիտե, որ այս անձը հղացավ թատրոնը և վերջեն կերպով մը դուրս նետվեցավ, և այն փառքը, որ իրեն կը վերաբերի, այսօր Մաղաքյանը կառնե և ուրիշներուն կուտա։

Եթե Մաղաքյանի խումբը հայ ըլլար, ամենեն առաջ Արմենակ Հայկունիին տարեդարձր ընելու էր, և ետքը գոնե յուր մոլի եռանդը ծածկելու համար, Ալթունյաններու համար երկու խոսք ընելու էր իր հայտարարությանցր մեջ»։

Հաճյան աղբար, այդ թատրոնը հիմա օտար է հայոց, և այդ շենքը, որ միության համար կառուցված էր, այսօր Մաղաքյանի տնօրենությանը տակ երկպառակության շենք կը դառնա: