Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/417

Այս էջը սրբագրված է

Դո՛ւ, Ակոբ աղբար, ո՛չ ըսածդ գիտես և ո՛չ ալ լսածդ կը հասկնաս: Ինձ կըսես, թե Վարդովյան էֆենտին ալ ինքզինքը գովել չտա՞ք լրագրաց մեջ հյուլլյու Հակոբ էֆենտի ըսելով։ Մեկը յուր անունովը կոչել գովե՞ստ է, խեղճ պարոն. մեկը քեզ Հակոբ Հաճյան ըսե նե՝ քեզի գովա՞ծ կըլլա։ Ռւրիշ անգամ ասանկ խոսքեր մի ըներ, կաղաչեմ, որովհետև հիմարական խոսքերու պատասխանելու ատեն չունիմ:

Կենսագրությունդ ընեմ նե՝ շունչդ էտիրնե կառնես ըսած ես ինձի։

Թե որ ասանկ պիտի սպառնաս նե ես ալ ետ կը քաշվիմ հրապարակեն, մարդ վախցունելը ի՞նչ պիտի ըլլա։ Տգետ ըսելուս համար բարկացար նե՝ խելացի ես, չես բարկանար նե՝ կատարյալ տգետ մես։

Մինչդեռ մենք Հաճյան Հակոբին ընելիք կենսագրությանը վրա դիտողություն ընելու կը պատրաստվեինք և ահա մեր պատմագիր Հաճյանը այս անգամ Հ. ստորագրությամբ մեզի աղջիկ մը փնտրելու ելեր է։

Կեցցե՛ Հաճյանի գրագիտությունը, այս դարը Հաճյանի դար է...։

Ասկից քանի մը տարի առաջ Օրագրո մեջ կարդացեր էինք, թե մարդուն մեկը ուրիշի մը հետ վիճաբանության բռնվելով, երբ ճարը կը հատնի և չկրնար պատասխան տալ «Գոնե կնիկդ աղվոր ըլլար պե մարդ» կըսե, կառնե կը քալե։

Մեր Հաճյան աղբարն ալ փոխանակ Մաղաքյանի վարչությունը պաշտպանելու և մեր փաստերը հերքելու, չորեքշաբթի ավուր Մամուլին մեջ կելնե կըսե, թե Պարոնյանը աղջիկ կը փնտրե կոր։

Ամուրի ըլլալնուս համար շնորհակալ ենք, որովհետև եթե կարգված ըլլայինք Պարոնյանը կնիկը թողած է պիտի ըսեր։

Բայց թե որ խնդիրը քիչ մր խորեն քննենք, պիտի տեսնենք, որ Հաճյանը իրավունք ունի, որովհետև ի՞նչ խոսի տղան, բան մը ըսելու է, որպեսզի մեզի պատասխանած ըլլա։

Արդ, կը պատասխանենք իրեն, որ մեր աղջիկ մը փնտրելը, գտնելը ու հետը կարգվիլը կրնա Մաղաքյանի վարչությունը արդարացնել նե՝ այսօրվանե հանձն կառնունք կարգվիլ, որով Մաղաքյանը իրավանց մենք ալ կնկան մը տեր կըլլանք։

Ո՛վ ամուրի խմբագիրներ, գրիչնիդ Մաղաքյանի դեմ դարձուցե՛ք, եթե կուզեք կնկան մը տեր ըլլալ։ Այս առիթը մի՛ փախցունեք, որովհետև ամեն անգամ Հաճյանի պես վիճաբանող չեք կրնար ձեռք բերել։