Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/419

Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈՒԻՆ ԽԱՓԱՆՈՒՄԸ

Շատեր կան, որ քանի մը ատենե ի վեր այս վերնագրին կսպասեն։

Մեղուին խափանման համար մինչև հիմա եղած ջանքերը անծանոթ չեն մեզ։

Ասկից քանի մը ամիս առաջ այս մասին Կրոնական ժողովո առ. Բարձրագույն Դուռն իմաց տալը, լրագրավաճառաց միջոցավ Մեղուի ծախվելուն դեմ ոմանց հարուցած դժվարությունները, ստիպողական պատճառավ մը մեր հայրենիքը երթալնուս պատճառավ շաբաթ մը Մեղուի չհրատարակվիլը առիթ բռնելով՝ ասդիս անդին Մեղու խափանվեցավ ըսելը Մեղուի համար համակրության և բարեկամության նշաններ չէին անշուշտ, բայց մենք այս և ասոնց նման մեքենայությունները հրապարակ հանել չէինք ուզած և չենք ուզեր, որպեսզի չըլլա թե Մեղուի անողոքելի թշնամյաց կիրքերը ավելի ևս հուզելով մարդկութենե դուրս միջոցներու դիմեն և թերթերնիս խափանելու հաջողին։

Այս ընթացքով համոզված էինք, որ Մեղուի թշնամիներն ա՛լ հանդարտեցան և քնացան։ Սխալած ենք եղեր, Մեղուի թշնամիները Արգոսի պես հարյուր աչք ունին եղեր, հիսունը քնացած ատեն, հիսունը արթուն Մեղուին խափանմանը կաշխատին եղեր։

Երեկվան Օրագիրը Լա Թյուրքիեն առնելով կըսե, թե հերձվածող և ո՛չ հերձվածող եկեղեցականը Բարձրագույն Դուռը դիմեր և իրենց դեմ խոսող հայերեն տառերով, տաճկերեն լեզվով զավեշտական Մեղու անուն թերթին խափանումը խնդրեր են, բայց արտաքին գործոց պաշտոնյան կարևորություն չէ տվեր։

Օրագիր այս լուրը հրատարակելեն ետքը դիտողություն կընե ըսելով, թե՝ այս լուրը հիմնովին սուտ է. վասնզի, կըսե, հայոց մեջ հերձվածող և ոչ հերձվածող եկեղեցական չկա, և Մեղուն տաճկերեն չհրատարակվիր։