Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/425

Այս էջը սրբագրված է

մեջտեղը ձգեցիր ու զրպարտությանց համրով փախուստ տվիր և անամոթաբար կըսես, թե հետս կը վիճաբանիս։

Եթե ձեռքես խալըսելու համար կուզես, որ զքեզ դատ հրավիրեմ, մտքեդ հանի՛ ատիկա, հասարակաց դատաստանը աշխարհիս ամենեն անաչառ ատյանն է, և հիմար եմ, որ այս ատյանը թողում և ուրիշ ատյաններու դիմեմ։

Անմի՜տ, եթե հայհոյությունն ու զրպարտությունն են քու զենքերդ և եթե ատոնց վստահելով ըսիր ինձ, թե շունչս Էտիրնե կ՝առնեմ, հանդարտ եղիր, այդ զենքերովդ ո՛չ թե միայն շունչս Էտիրնե չպիտի առնեմ, այլ վերջին շունչս ալ հոս պիտի տամ։ Եվ եթե զրպարտությամբ դու կարենայիր զիս Էտիրնե փախցունել, ես ճշմարտությունը խոսելով Ամերիկա կը փախցունեի Մաղաքյանին շուրջը գտնվող և քեզի խորհուրդ տվող փաստաբանները քեզի հետ, բայց ատոր հարկ չկա, խնդիրը Մաղաքյանի վարչության վրա է։

Դուն տղմի մեջ երկնցած և ոտքեդ մինչև ցգլուխ տղմաթաթավ ինձ կ՝ըսես, թե տե՜ս մաքուր եմ ես և դու զիս կարող չես խայտառակել։ Քա՛վ լիցի, ինքզինքդ խայտառակելու պաշտոնը քուկդ է, փառքն ալ քեզի ըլլա։ Անիրավ ես, երբ կ՝ըսես ինձ, թե զիս խայտառակեցիր, ինչպես որ փողոցի մեջ ինկած գինով մը չկրնար ուրիշին ըսել, թե զիս խայտառակեցիր։ Այս ըսածներուս վկա են քու հոդվածներդ, մանավանդ վերջինը։ Ես ամչցա զանոնք կարդալով, չգիտեմ, թե դուն գրած ժամանակդ կարմրեցա՞ր։ Հիշյալ հոդվածին մեջ խել մը անիմաստ խոսքերե և տառասխալներն զատ միջակետներուն ջրհեղեղ մը կա․ Հիջյալ հոդվածին մեջ ակներև կը տեսնվի, որ դուք կետ ադրության անգամ տեղյակ չեք։ Կետերն իսկ ձեր տգիտությունը կը հանդիմանեն, ո՛վ սրճարանաց պուետ, և դուք ձեր այդ հոդվածովը ի սպանդ վարյալ ոչխարի մը պես անձնատուր կըլլաք ինձի և կըսեք, թե հետս կը վիճաբանիք ո՜վ․.. Դիոգինեսի ատենները։

Այդ սխալները տպագրական սխալ չեն, հայհոյիչ զվարճախոս, այլ մտադրական սխալ.․․։

Բայց թողունք ասոնք և խնդրույն մեջը մտնանք քիչ մը։

Կըսեք, թե ես Մաղաքյանի դեմ ատելություն ունիմ եղեր։

Երբ Մաղաքյան Վարդովյանի վարչությունը տապալելու համար ամեն ջանք ի գործ կը դնե, հայ թերթի մը պարտքն է Վարդովյանի վարչությունը, որ յուր ամեն թերություններովն հանդերձ թատրոնը մինչև հիմա պահելու փառքին արժանացած է, պաշտպանելու համար ամեն ջանք ի գործ դնել։ Մենք ալ աս ըրինք։