Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/433

Այս էջը սրբագրված է

զններ ու չէ կրցեր բժշկել, ուստի, անցյալեն խրատվելով ասկից ետքը հիվանդաց ոտքերը պիտի զննե հիվանդությունը հասկնալու համար։

Ահա ասոնք են ըլլալիքները, բայց միթե օր մը միայն բավակա՞ն է տարվան մը մեջ գործված սխալներն ուղղել, միթե այս ուշադրությունն երբ ամեն օր ըլլալու չե՞ն։ Ահա հոս է խնդիրը, խելացի մարդու մը համար ամեն օր նոր տարի ըլլալու է, և ոչ թե նոր տարվույն առաջին օրը անցյալեն խրատվելու համար միայն տարվույն մյուս օրերուն մեջ սխալներ գործելու է։

Բայց ինչ որ ալ ըլլա, քանի որ մարդս սխալական է, հարկավ սխալներ պիտի գործե, ուստի, այս տարվան մեջ քիչ սխալներ գործելու համար շնորհավոր նոր տարի, բարի կաղանդ և բաժանորդաց առատություն կը բարեմաղթեմ ինձի, ամեն երջանկություն և բարօրություն բարեմաղթելով ազգին։

Որչափ որ ընկերություններ կան նե՝ ամենուն ալ գործերուն հաջողություն կը բարեմաղթեմ։

Տեր Աստված կամուրջին երկու ծայրը շարված կառքերու մեջեն անցնողներուն կար և կարողություն տա, շոգենավաց ոմանց թենթեները փոթորիկեն ազատ պահե, Մազաքյանի վարչության փաստաբանները Աբրահամու զավակաց չափ ասեցնե և բազմացնե, յուր շնորհաց աղբյուրը Օրագրո և Մամլո գլխուն վրա բանա, թրամվեյի գծին վրայեն քալողներուն խելք տա և ամենքնիս ալ թե՛ քոլերայի հիվանդութենե թե՛ շըմնետըֆերի կառքերեն և թուղթերեն ազատե։

Դուք ալ ընթերցո՛ղք, անցյալ տարվան մեջ մարդկորեն գործած հանցանքներուս և այս տարվան մեջ ալ դործելիք հանցանքներուս ներումն ու թողություն շնորհեցե՛ք։