Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/450

Այս էջը սրբագրված է

— Ֆրանքլին կըսե, թե մարդս յուր հաշիվները ամեն օր աչքե անցնելու է, այն որ տարին անգամ մը կը նայի յուր հաշիվներուն, ամենևին չնայի նե՝ ավելի աղեկ կըլլա։ Ֆրանքլինը երևելի տնտեսագետ մէ, շատ գործեր ունի, շատ խրատներ, առածներ ունի։

Զարմանալի մարդ մէ եղեր այս Ֆրանքլին, իր ժամերը այլ և այլ աշխատությանց բաժներ է եղեր... Ֆրանքլինի պես մարդ մը հիմա չկա...։

— Մենք ստակնիս կուզենք։

— Ուզելու իրավունք ունիք և կրնանք ուրիշ ճամբով մը ձեր ստակները վճարել։ Առաջարկություն մը ընեմ նե կընդունի՞ք։

— Այո՛, այո՛, կ՝ընդունինք։

— Ընկերությանս վերջաբանին վեցերորդ հոդվածը կը տրամադրե, որ ընկերությունս միշտ բժիշկ մը պիտի ունենա բաժանորդաց համար։ Արդ, ուզածնուդ չափ կրնաք հիվանդ ըլլալ և ես ձեզի ձրիապես նայելով, այդ հաշիվները կը գոցենք։

— Երթալու հիվա՞նդ ըլլալու է, որ առնելիքնիս առնենք, տոքթոր, մեզի հիմա ստակ պետք է, հիմա, հիմա, կը հասկնա՞ս, հիմա ստակ պետք է։

— Աղեկ ա՛, դուք ալ հիմա հիվանդացեք։

— Մենք ստակնիս կ՝ուզենք։

— Ես ալ հիվանդ բաժանորդներս կ՝ուզեմ։ Քանի որ օրինագիրքը բաժանորդաց համար բժիշկ մը հատկացուցեր է նե՝ բաժանորդներն ալ հիվանդ ըլլալու էին, ո՞վ պահեց այս կետը։

Քիչ մ՝ալ էվել պակաս խոսքեր ընելով իրարմե կը բաժնվին։

Բնավ չեն ցավիր Խնայողական ընկերության բաժանորդները, մանավանդ թե ուրախ կ՝ըլլան։ Թշվառականները հարուստ ըլլալու ճամբան գտեր են տե, մեզի ամենևին իմացնել չկա. իբր թե մենք ալ հարուստ ըլլայինք նե իրենց քսակեն ստակ պիտի գողնայինք... ինչևէ, ժամանակը եկավ, ուր Ֆրանքլին ամեն բան երևան հանեց։

Լսածնուս նայելով բաժանորդները իրենց առնելիքը առնելու համար որոշեր են եղեր հիվանդ ըլլալ, ամիսներով պառկիլ և տոքթոր Ութուճյանը տուներնին բերել, տանիլ։ Տոքթոր Ութուճյանն ալ Ֆրանքլինը կը թղթատե եղեր, որ աղվոր կտոր մը գտնե ու թարգմանելով բաժանորդաց հաղորդե, որպեսզի անգամ մալ չխաբվին․..

— Ի՞նչ կըսես Մեղու. Մասիս չկարդացի՞ր. տոքթորը ազդ մէ հրատարակեր, որով բաժնվիլ ուզող անդամոց ստակը տալ կը խոստանա։

— Տա նե՝ ան ատեն բաժանորդաց վրա կը գրենք։