Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/64

Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐԱՏ

Ազգերնուս մեջ օր օրի լրագիրները շատնալու վրա են. աս ալ հառաջադիմության նշան է եղեր մեյեր:

Այսպես կըսեն մեր լրագրապետներեն ոմանք:

Մենք ալ խոստովանինք ու հավատանք:

Այս հառաջադիմության նշաններեն մեկն ալ այս օրերս երեվան եկավ, Արարատ լրագիրը կրկին երևցավ և այս անգամ ո՛չ թե միմիայն մեկ հոգու՝ այսինքն մեծապատիվ պարոն Մ․ Այվատյանի խմբագրությամբ, հապա բազմաթիվ անդամներու ընկերությամբ։ Ըսել է որ այսուհետև այս լրագրին քառսուն աչքով պիտի նային, որ ազգին օգտակար ըլլա և մանավանդ մեջը ուրիշ մեկ քանի օրագրաց երբեմն ունեցած սխալները չունենա։

Հայտնի բան է, որ քառսուն աչք ալ մեկեն նային նե՝ հոն սխալ ալ չըլլար։

Մասիս ու Արարատ երկուքն ալ մեկ հեռագիր մը կը հրատարակեն, կամ Քուրիե տ՛Օրիանեն թարգմանելով կամ Լեվընթ Հերըլտեն թարգմանելով կամ Լա թյուրքիեն թարգմանելով կամ քյսշեի պախալեն փոխ առնելով:

Մասիս կըսե (թիվ 1127)՝

Հանրապետության նախագահն օրենքները կը հրատարակե և անոնց գործադրությանը կը հսկե։

Արարատ կըսե (թիվ 3)՝

Հասարակապետության նախագահը օրենքները կը հրատարակե և նոցա գործադրությանը կը հսկե։

Մասիս կըսե՝

Ժողովին գումարված քաղաքը կը նստի:

Արարատ կըսե՝

Յուր բնակությունն հոն է, ուր ժողովն յուր նիստերը կընե։