Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/67

Այս էջը սրբագրված է

ՄԵՌԵԼԱՀԱՄԱՐ

Տարվան մը միջոցին մեռան։

Ֆրանսիական երկրորդ կայսրությունը, որ իր ամեն տեսակ անկարգություններովը ինքզինք սպաններ։

Նաբոլեոնյան հարստությունը խղդվեցավ այն արյունին մեջ, որուն մեջ ընկղմեցավ:

Բրուսիո թագավորությունն ու Հյուսիսային Գերմանիա դաշնակցությունը, որ թեպետ տակավին կենդանի կը համարվին բայց ստուգապես խողխողվեցան գերմանական կայսրության ձեռքով:

Ազգային պաշտպանության կառավարությունը, որ իր օդապարիկներուն բարձրութենեն վար ընկավ և Ազգային ժողովին ձեռքով կտոր կտոր եղավ։

Պուռպոններու անդրանիկ ցեղին ապագան, որ Շամպորի դուքսին հայտարարությամբը թունավորեցա։

Պապին աշխարհական իշխանությունը, որ Իտալիո մայրաքաղաք Հռովմի մեջ, Վիքթոր էմմանուել թագավորին ձեռքով խեղդամահ եղավ։

Պապական անսխալությունը, հրեշ մը, որ ծնած օրը խեղդամահ եղավ հասարակաց կարծյաց միջոցով նախատեսվելով մարդկային ընկերության գլխուն բերելիք վտանգները։

Հազար 856-ի դաշնագրությունը, որ իր հիվանդապահներուն անհոգությանն զոհ եղավ:

Հանգչեսցին ի խաղաղության, ամեն: