Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/7

Այս էջը սրբագրված է

Պարոն խմբագիր

Անցյալ օր Մանզումեն Ագապյան վարժարանին մեջ դաս տրված 24 տեսակ գիտությանց կարգին մեջ հետևյալներն ալ դրած էր. գծագրություն, տեսեն լինիեոռ։ Ասոնց ինչ գիտություններ ըլլալը բացատրելը Մեղուի միջոցով մեր կողմեն իրմե խնդրեք նե մեզ շնորհապարտ կընեք. վասնզի մենք ալ մեր վարժարանին մեջ այդ երկու գիտությունները զատ զատ դաս տալու փափագ ունինք։

Մնանք և այլն
երեք աստղ
և մեկ լուսին


ՎԱՐԺԱՊԵՏԱՑ ՍՈՎԸ

Մեկ քանի թաղական դպրոցներու հոգաբարձուներ այս օրերս ուխտ են ըրեր ամեն տեղ պտըտիլ, ամեն տեղ վարժապետ փնտրել և վարժապետ չըկա ըսելով հուսահատիլ ու նստիլ։

Ասոնցմե մեկը կելնե քեզի նամակ մը կը գրե.

— Հայերենի աղեկ վարժապետ մը գիտես նե մեզի ղրկե, գոհացուցիչ ամսական մը կուտանք։

Այն օրն ալ քեզի մեկը կը ներկայանա.

— Հայերենի դասատու մը փնտրող ըլլա նե խնդրեմ ինձի իմաց տաք։

— Դուք հայերեն գիտե՞ք։

— Ի՞նչ ըսել է․ 24 տարի Չափրաստճյան միականի Գեորգ պատվելիին աշակերտություն ըրած եմ։

— Վարժապետություն ըրա՞ծ եք։

— Պոլսո ամեն դպրոցները մտած ելած ըլլալես ետքը Օրտուի մեջ ալ ծառայություն ըրած եմ։