Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/71

Այս էջը սրբագրված է

ՎԱՐՁՔԸ ԿԱՆԽԻԿ ԱՌՆՎԱԾ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՄԸ

... Խմբագիր

Կը խնդրեմ, որ հետևյալ ծանուցումը ձեր առաջիկա թերթով հրատարակեր պատշաճ եղած վարձքը գրաբերես ընդունելով։

Ես ստորագրյալս հարուստի որդի, ազնվական, փափուկ ու երկչոտ ոչ միայն պատերազմե կը փախչիմ այլ երկու հոգի իրարու հետ բարձր ձայնով խոսին նե կը վախնամ ու ականջներս կը գոցեմ։ Անդամ մը վիրաբույժ եկավ եղբորմես արյուն առնելու. արյունը տեսածիս պես մարեցա խնկա։ Ուրիշ անգամ մը բժշկին հրամանովը ինձի տզրուկ փակցնել տվի, բայց շատ ցավ զգացի։ Տղայությանս անգամ մը հավ մը մորթեցի, արյունը տեսա նե՝ սոսկում մը եկավ վրաս, անկե իվեր սերսեմի պես բան մըն եմ։ Մինչև մոտ օրերս զորքերը գնդակ կուտե կըսեին նե՝ կը կարծեի թե բերաննին կը դնեն կը ծամեն ու կուլ կուտան։

Այս ըրածներես հայտնի կերևա, որ ես զորք չըլլալե զատ, իմ զավակներս զինվոր գրել չտալե զատ, պիտի աշխատիմ և կտակ պիտի ընեմ, որ իմ թոռներս ու անոնց զավկներն ալ զինվոր չգրվին։

Ուստի, ով որ կը փափագի, որ իր տղջիկը անանկ մեկու մը տա, որ ինք զինվոր չըլլալեն զատ իր զավկներն ալ զինվոր չպիտի գրե՝ թող իր աղջիկը ինձի տա, հետն ալ քանի մը հարյուր լիրա, ապահով ըլլալով, որ իր թոռները ամենևին չպիտի մեռնին:

Իս տեսնել ու ինձի հետ խոսիլ ուզողը թող հրամայե Քամանթո խան թիվ 126 սենյակը։

Մկրտիչ Խորխոռունի
Որդի ազնվականի, որդի դյուցազնի