Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/74

Այս էջը սրբագրված է

ԵԼԻ ՅԱԽՈՌՈՅ ԵԻ ԵԿԻ Ի ԺԱՄ. ԴԱՐՁԵԱԼ ԹՈՂՈՒՄ

ԶԺԱՄ ԵԻ ԵՐԹԱՄ ՅԱԽՈՌ

Մասիս լրագրո 1184 թվույն մեջ կը կարդանք թե, Թեքիրտազի մեջ առաջնորդական ընտրությունն ըլլալեն ետքը, առժամանակյա կերպով հոն գտնվող Տիմոթեոս վարդապետ տեսնելով որ ինքը չընտրվեցավ առաջնորդ բարկացեր ու «վայ, ես մարդ չէի՞ որ ձեզի առաջնորդիս չընտրեցիք ու գացիք ուրիշը ընտրեցիք» ըսելով, եկեղեցիեն կելնե, «քանի որ ես մարդ չեմ նե՝ ձեր մեջն ալ չեմ վարեր. ուրեմն, ես կերթամ ինձի վայլած տեղը կը նստիմ» կըսե ու կ՚երթա ախոռը աղբին վրա կը նստի:

Ելի լախոռոյ և եկի ի ժամ. դարձեալ թողում գժամ և երթամ յախոռ:

— Ծե՝, վարդապետը տեղը գտեր է հը՞. հա ծե՛, երթանք թիմար մընենք, ը՛:

Տեղվույն ազգային ժողովո անդամները հոգ չպիտի ընեն եղեր անոր հոն երթալուն. բայց Ծնունդի օրեր ըլլալով, այնպիսի տոն օրեր վարդապետը ախոռին մեջ թողնել խղճմտանքնուն կը դպչի ու կերթան որ ախոռեն հանեն բերեն:

Վարդապետը ախոռեն դուրս ելնել ու լուծը մտնել չուզեր․ գացողները տեսնելով, որ ասի իր կովքովը չպիտի ելնե բռնի դուրս կը հանեն:

Մասիսի թղթակիցը չպատմեց թե բռնի դուրս հանեցին կըսե նե՝ ինչպես հանեցին: Վարդապետին թևերեն, ոտքերեն բռնելով, գետինները ըսելով, քաշելո՞վ դուրս հանեցին. ուսերնին առին թուլումպա՞ ըրին, կյուվենտերեով մշտելո՞վ դուրս հանեցին, չէ նե հիմա ախոռը կը բռնկցնենք ու մեջը կէրիս ըսելով աչքը վախցուցին ու դուրս փախավ:

Ասոնք չըսեր. բայց սա կըսե թե բռնի դուրս հանեցին ու իր սենյակը տարին, «նա երիցս անգամ ախոռր կերթար»: