Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/83

Այս էջը սրբագրված է

ՕՐԱԳՐԻՆ ԴԵՄ ՕՐԱԳՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Մասիսի խմբագիրը՝ Օրագիրը ձեռքը առեր կը կարդա, կը կարդա բան մը չհասկնար, սիրտը կը նեղանա ու կըսե ինքնիրեն.

— Աս հերիֆին գրածը ինչպե՞ս հասկնալու և ինչպես պատասխան գրելու է...

Գրաշար Հարությունը ներս կը մտնե։

Խմբագիրը. — Ի՞նչ է կուզես։

Գրաշարը. — ու՞ր է, հրամանքդ Օրագրին պատասխան պիտի գրեիր ու տայիր որ շարեինք:

— Աղե՛կ, բայց ինչպե՞ս խոսք հասկցնելու է այս մարդուն։

— Ինձի հրաման կուտաս նե՝ ես կերթամ խոսք կը հասկցնեմ։

— Ինչպե՞ս կընես։

— Չերթամ դեմը կանցնիմ կը կայնիմ, շատ մը քյուֆյուր կընեմ նայեցեք այն ատեն ինչպես կը հասկնա։

— Չէ՛, ատանկ բան չըլլար։

— է՛հ, ուրեմն հրամանքնիդ գրեցեք, ես ալ շարեմ։

Խմբագիրը. — (պահ մը մտածելեն ետքը) իս նայե Հարություն։

— Հրամմե։

— Օրագրին անցյալ տարվան թերթերը ու՞ր եք դրեր։

— Մեկ մասս պախալին ծախեցինք, մեկ մասն ալ մամուլը սրբելու կը գործածենք կոր:

— Հայ անպիտաններ, ի՞նչու չպահեցիք։

— Պատելու բան չէին որ պահեինք։

— Իս նայե. մնացածները ժողովե, անոնց մեջ ազգային վերնագրով հոդվածներ են մեկ մեկ հատված շարե մեր թերթին մեջ, վրան ալ Օրագրին դեմ Օրագրին պատասխանը դիր․ թող երթան անցած տարվա Օրագիրները աս տարվան Օրագիրներուն հետ կռվին։